Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք»

168.am-ը գրում է. Արցախում զոհված 23–ամյա Նարեկ Ելուղյանը Սիսիան քաղաքից էր, 2 եղբայրներից կրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սիսիանի պետական քոլեջ, գերազանց ավարտել, ապա 2014 թվականի ամռանը մեկնել ծառայության, Մարտակերտում էր ծառայել։ Որպես օրինակելի, կարգապահ ու քաջ զինվոր՝ պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։ Մի քանի ամիս էր մնացել Նարեկի զորացրվելուն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ծառայակից ընկերների հետ միասին Նարեկը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրը, և ինչպես նրա հայրը՝ Յուրիկ Ելուղյանը, պատմեց, այն ժամանակ որդին հրաշքով էր փրկվել։

«Ինքը եղել է հրետանու հաշվարկի հրամանատար, այդ ժամանակ թշնամու արկն ընկել էր իրենց կողքը, բեկորը Նարեկի կողքով անցել, կպել էր իր հրանոթին, զենքի ինչ-որ մասին, ու ընկել է գետնին․․․ Հիմա այդ բեկորը գտնվում է այնտեղ, փայտի վրա էլ գրել է՝ երկրորդ անգամ կյանք տվեց Աստված»։

Զորացրվելուց 2 ամիս անց Նարեկն աշխատանքի էր անցել Սիսիանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, զուգահեռ ընդունվել էր Ագրարային համալսարան, նպատակ ուներ դառնալ սպա և արդեն որպես սպա ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում։

Նարեկի հայրը հիշեց, երբ որդուն տնից ճանապարհում էին ռազմաճակատ, տրամադրությունն էլի բարձր էր, մարտական ոգին՝ նույնպես։ Խոստացել էր՝ վերադառնալու է, և քեֆ են անելու․

«Ասացի՝ զգույշ կլինես, պատասխանեց՝ պապ ջան, պատերազմում զգույշ տեղ կա՞, որ զգույշ լինենք, բայց չանհանգստանաս, պապ, ես հետ եմ գալու․․․»։

Վերջին անգամ Նարեկը հոր հետ էր խոսել, տեղեկացրել, որ հնարավոր է մի քանի օր կապ չլինի, չանհանգստանան, սակայն այդ զանգից ժամեր անց Նարեկի համարից կրկին զանգ է գալիս, սակայն այս անգամ զանգողն ադրբեջանցի էր․

«Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին՝ կեսօրին, Նարեկի հետ խոսել եմ, ասաց՝ պապ, տեղափոխվում ենք, 1-2 օր կարող է կապ չլինի, չանհանգստանաս: Ասացի՝ Նարեկ ջան զգույշ կլինես։ Նույն օրը, ժամը 17։00-18։00-ի սահմաններում նորից զանգեցի Նարեկին, անհասանելի էր, հեռախոսը դրեցի գրպանս, զանգ եկավ, վերցրեցի տեսա՝ գրված է՝ Նարեկ։ Պատասխանեցի՝ Նարեկ ջան, որտե՞ղ ես, ռուսերենով ադրբեջանցին ինձ պատասխանեց՝ քո Նարեկի հեռախոսն ինձ մոտ է, իսկ նա արդեն մեր ձեռքում է։ Հարցրեց՝ դու որտե՞ղ ես ապրում, պատասխանեցի՝ Հայաստանում, ասաց՝ ինչո՞ւ ես քո որդուն ուղարկել Ղարաբաղ կռվելու, դուք հրաշալի գիտեք, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկին, նրա ձայնը լսեմ, հետո կպատասխանեմ քո հարցերին, պատասխանեց՝ արդեն ուշ է, մենք նրան սպանել ենք, գլուխը կտրել ենք․․․ Այդտեղ ես վատանում եմ, վերջ, կապն անջատվում է․․․»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում