Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողների հարազատներից 5 հաղորդում դատախազությանը. ինչ գործեր են քննվում պատերազմից հետո

2020 թվականին ՀՀ դատախազությունը քաղաքացիներից ստացել է 10 հազար 435 դիմում-բողոք, որը 1427-ով պակաս է 2019թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:

Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:

Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:

Քրեական գործերի առնչությամբ իրավապահ մարմինները պարբերաբար տեղեկություններ են հաղորդում:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ:

Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:

Մանրամասները՝ տեսանյութում: