Search
Close this search box.

Կասկադյորական ավտովթար. վարորդը Hyundai Sonata–ով «Պռոսպեկտի շուկա»-ի մոտ մխրճվել է ծաղկի սրահի մեջ

Այսօր՝ փետրվարի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արա Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում նախ բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, հավանաբար, վերջիններս վրաերթի են ենթարկվել:

Բարեբախտաբար, կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կրպակը կրել է նյութական մեծ վնաս՝ կոտրվել են ապակիները, թափվել ու վնասվել է գույքն ու մեծ թվով ծաղիկներ:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: