Search
Close this search box.

Որ դեպքում կհեռացվի իշխող ռեժիմը

Այսօր «մեծ հանրահավաք» են հայտարարել 17-ի, նախկին նախագահներին հարող ուժերը։ Այսօր Ղարաբաղյան շարժման 33-ամյակն է, եւ օրն առանձնահատուկ է նաեւ այդ կապակցությամբ։ Մամուլը գրում է, որ այս հանրահավաքը կարող է բեկումնային լինել՝ կամ հետեւողական գործողություններով հեռացվում է իշխող ռեժիմը, կամ սա կարող է լինել «ընդդիմության» վերջին հանրահավաքը, եթե այն չկարողանա պատասխանել «ինչպես» հարցին՝ ռեժիմը հեռացնելու եւ պետությունն այս վիճակից հանելու համար։

Ճշմարիտ դիտարկում է, բայց ոչ ամբողջական։ Խնդիրն այն է, որ հանրահավաք հրավիրած շրջանակները գտնվում են նույն «ծիրում», ինչ իշխող խմբակը, եւ նրանց գործառույթը մինչ այժմ հանգել է հետեւյալին՝ ողջունելով եռակողմ հայտարարությունը եւ հավատարմություն հայտնելով Լավրովյան ծրագրին՝ հանրության մեջ տարածել հուսալքություն եւ կապիտուլյանտական տրամադրություններ։ Այս խնդրին Լրագիրն անդրադարձել է բազմիցս, հավելյալ մեկնությունների կարիք չկա։ Գիտակցաբար է դա արվել, թե ոչ՝ էական չէ, մոսկովյան մտահղացմամբ՝ ներքին այս «դասավորությունը» մինչ այժմ հնարավորություն է տալիս կոտրել հնարավոր դիմադրությունը Հայաստանում, միաժամանակ պահելով Ռուսաստանի փրկչական կերպարը։

Այդ առումով, հանրահավաքն իսկապես կարող է բեկումնային լինել, եթե այն հրավիրած շրջանակները դուրս գան այս «ծիրից»։ Դա ենթադրում է իրավիճակի սթափ ու բազմակողմ գնահատական, հայկական իրավունքների, Արցախի դեօկուպացիայի ու ճանաչման պահանջատիրություն։ Իսկ եթե հարթակից կրկին հնչելու է երեք ամիս շարունակ հնչողը՝ ապոկալիպտիկ իրավիճակի, Նիկոլի դավաճանության, Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է եւ նման բովանդակություն, նշանակում է ոչինչ էլ չի փոխվելու։ Դա այն «օրակարգն է», որի վրա էլ մասնավորապես պահվում է իշխող ռեժիմը Վլադիմիր Վլադիմիրովիչի եւ Ռեջեփ Ահմեդովիչի կողմից։
lragir.am