Search
Close this search box.

Բոլորին զենք բաժանեք. Սահմանափակումը հանվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում, որ բնակիչները կարողանան որսորդական ակոսավոր զենք կրել, որը քիչ է տարբերվում մարտական զենքից:

Բանն այն է, որ գործող օրենքով՝ քաղաքացին 5 տարի նախ պետք է ողորկափող զենք՝ որսորդական հրացան կրի, որպեսզի թույլատրեն ակոսավոր զենք կրել։ Հիմա կհանվի այդ արգելքը, որից հետո ՊՆ-ն զենք կհատկացնի բնակիչներին։

Փոփոխության համահեղինակները «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանն են։ Փոփոխության նպատակն է՝ բարձրացնել սահմանամերձ բնակիչների անվտանգության զգացողությունը, որ չլքեն իրենց տները, կանխեն դիվերսիոն ներթափանցումները։

Նոյեմբերի 9-ից հետո 39-ով ավելացել է սահմանամերձ համայնքների թիվը, օրենքը կտարածվի յոթ տասնյակից ավելի համայնքների վրա։ Զենք կստանան հոգեկան խնդիրներ չունեցող եւ սահմանամերձ համայնքում բնակվող, այլ ոչ թե հաշվառված քաղաքացիները։ Ս․ Բագրատյանը չհերքեց, որ «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, սակայն մանրամասների մասին կխոսի այն շրջանառության մեջ դրվելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում