Search
Close this search box.

Ինչի մասին են խոսել և լռել Մինսկի խմբի համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ տեսազանգով խոսակցություններից հետո: Համանախագահները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «երկար ու առարկայական» զրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: «Համանախագահներն արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ երկար ու առարկայական կարծիքների փոխանակում են կատարել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի ձևաչափերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի վերաբերյալ»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ, որ հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Այստեղ առաջին հերթին աչքի է զարնում «միջնորդական ձևաչափերի» արձանագրումը: Ինչո՞ւ հոգնակի, եթե արցախյան հարցում միջնորդական ձևաչափը կարծես թե մեկն է, համենայնդեպս ֆորմալ իմաստով՝ Մինսկի խմբի համանախագահություն: Է՞լ ինչ ձևաչափային մոտեցումներ են քննարկվել, որոնք առիթ են դարձել այդ հանգամանքը հոգնակի հիշատակելու համար: Դե ֆակտո իհարկե ակնառու է, որ այսօր կա առնվազն երկու ձևաչափ՝ համանախագահությանը զուգահեռ գործում է ռուս-թուրքական ձևաչափ, որը արձանագրված է մոնիտորինգային կենտրոնով: Եթե այդ կենտրոնում ռուս և թուրք զինվորականները համատեղ իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, ապա դա, չլինելով ուղիղ միջնորդություն, այդուհանդերձ անուղղակի ձևով դառնում է արցախյան գործընթացում էական նշանակություն ունեցող ձևաչափային գործոն:

Արդյոք Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանին հարցեր ունեին Թուրքիայի դերի հետ կապված, այժմ իրենք էլ ըստ էության ճանաչո՞ւմ են այդ դերը: Միևնույն ժամանակ, դերը կա, և խոշոր հաշվով պատերազմով «նվաճած» դերը չճանաչելը հազիվ թե գործնականում որևէ բան փոխի առկա իրադրությունում:

Հատկանշական է, որ համանախագահները իրենց հայտարարության մեջ չեն խոսել որևէ նոր մշակումների, առաջարկների կամ ռեգիոնալ այցի մասին՝ ընդամենը արձանագրելով երկար ու առարկայական խոսակցության հանգամանքը: Արդյոք օրակարգո՞ւմ է, այսպես ասած, «բազմաստիճան» գործընթացի տարբերակը, երբ Մինսկի խմբի համանախագահության գերակա ձևաչափի ներքո կարող են արցախյան հարցում ի հայտ գալ հարակից ձևաչափեր, իսկ Մինսկի խմբի համանախագահությունը իրականացնի, այսպես ասած, վերահսկողական գործառույթ: Խոսքն իհարկե ոչ թե դե յուրե աստիճանակարգման, այլ իրական քաղաքականության ռեժիմում դե ֆակտո դերաբաշխման հնարավորության մասին է:

Համենայնդեպս, այն, որ արտգործնախարարների հետ տեսազանգերից հետո համանախագահները չեն հայտարարում ռեգիոն առաջիկա այցի կամ նոր գաղափարների մշակման հանձնառության մասին և հոգնակի են արձանագրում «ձևաչափերի» հանգամանքը, տալիս է խորհելու առիթ:
1in.am