Search
Close this search box.

Ինչ է փոխանցել Կատարի էմիրը Հայաստանի նախագահին

Իրանում Հայաստանի դեսպանը նախօրեին հանդիպել է Իսլամական Հանրապետությունում Կատարի դեսպան, նաև համատեղության կարգով Հայաստանում Կատարի դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին: Կատարի դեսպանը Իրանում Հայաստանի դեսպանի միջոցով փոխանցել է Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանը երկու դեսպանները քննարկել են նաև 2021 թվականի Հայաստանի և Կատարի հարաբերության աշխուժացման հեռանկարը:

Ինչ գրություն է փոխանցել Կատարի դեսպանը, ի՞նչ է գրել Կատարի Պետության էմիրը Հայաստանի նախագահ Սարգսյանին: Խոսքը արարողակարգային բարեկամական գրությա՞ն մասին է, թե՞ քաղաքական բովանդակությամբ ուղերձի, որը կարող է պարունակել առարկայական որևէ առաջարկ Հայաստանին: Հայտնի է, որ Հայաստանի նախագահը խոսել է իր և Ծոցի մի շարք արաբական երկրների առաջնորդների ընկերական հարաբերության մասին:

Այդ հարաբերությունն, ըստ երևույթին, այն աստիճանի է մտերիմ, որ Հայաստանի նախագահը թույլ է տալիս դրա մասին ազդարարել հրապարակավ: Այդ հանգամանքը Հայաստանի համար, անշուշտ, կարևոր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ռեսուրս է, որը պետք է օգտագործել: Արաբական ուղղությունը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական դիտարկման և գործողությունների կարևոր վեկտորներից մեկը՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական ներուժը, որ ունեն արաբական երկրները, այդ թվում՝ Կատարի պետությունը, թե՛ քաղաքական և անվտանգային գործոնները, որ կարող են միավորել արաբական երկրներին և Հայաստանին՝ կովկաս-մերձավորարևելյան լայն ռեգիոնում թուրքական ագրեսիվ քաղաքականության զսպման համատեքստում:

Այդ իմաստով, Կատարը ունի թերևս բավականին յուրահատուկ դիրքավորում: Մի կողմից այն գործակցում է Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ Իրանի, և միևնույն ժամանակ շաբաթներ առաջ հաղթահարվեց հենց Իրանի հետ գործակցության հիմքով առաջացած Կատար-Ծոցի արաբական այլ երկրներ հակադրությունը: Դեռևս 2017 թվականին Իրանի հետ հարաբերության առիթով Պարսից ծոցի արաբական երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ բոյկոտեցին Կատարին, խզելով հարաբերությունն ու կապերը: Ընդ որում, դրանից փորձեց օգտվել Թուրքիան:

Շաբաթներ առաջ, սակայն, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրություններն ու մի քանի այլ արաբական երկրներ համաձայնության եկան Կատարի հետ ճգնաժամը և բոյկոտը հաղթահարելու հարցում: Իհարկե, այդ իմաստով հետաքրքիր կլինի նաև դիտարկել, թե ԱՄՆ նոր վարչակազմը ինչ վերաբերմունք կդրսևորի արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերության կարգավորման այն գործընթացին, որ սկսվել էր դեռևս Թրամփի վարչակազմի վերջին ամիսներին և հանգեցրել, օրինակ, Էմիրությունների և Իսրայելի հարաբերության կարգավորման համաձայնության:

Այդ գործընթացը հաստատուն լինելու և շարունակվելու դեպքում, անշուշտ, էապես կփոխի մերձավորարևելյան անվտանգային լայն ճարտարապետությունը, ինչի հանդեպ բավականին դժկամ է Անկարան։ Ահա այդ իմաստով, արաբական ուղղությունը Հայաստանի համար ռազմա-քաղաքական և անվտանգային առանցքային ռեսուրս է, ինչի շրջանակում Կատարը կարող է լինել առանցքային տնտեսական և քաղաքական գործընկերներից մեկը:

Ընդ որում, Կատարի հանդեպ Հայաստանի ուշադրությունը նկատելիորեն ծավալվել է դեռևս 2017-ի մայիսից, երբ այդ երկիր այցելեց այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ժամանակագրական առումով այդ այցին էր հաջորդել Կատարի հանդեպ արաբական երկրների բոյկոտը:
1IN.AM