Search
Close this search box.

«Ամբողջ Հադրութի, Ջաբրայիլի ու Զանգելանի տրուպները սաղ իրա վրա են». ո՞վ է 72 զինվորի «գլուխ կերած» զինվորականը

«Ով մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ես հուսով եմ, որ նման քրեական գործերով բոլորը կպատժվեն։ Բոլորը պետք է պատասխան տան մինչև վերջ, որ էսօր էս ժողովրդին բերեցին էս օրը հասցրին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատերազմի ժամանակ Հադրութի և Շուշիի մարտերին մասնակցած ազատամարտիկ Ժորա Սափեյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո հարուցված քրեական գործերին։

Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Մասնավորապես, ռազմական դրության պայմաններում, զբաղեցնելով ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի հոկտեմբերի 11-ին Պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, ցուցաբերել է իշխանության անգործություն․անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը՝ կեսօրին, հայտնվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ժորա Սափեյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ում մասին է խոսքը, բայց հավատում է, որ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան։ Իսկ թե ինչն է պատճառը, որ հրամանատարները իրենց տեղում չեն եղել, Սափեյան ասաց, որ դա երկար քննարկման թեմա է։

Հադրութի մարտերին մասնակցած Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով, ևս մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը, բայց կարծում է, որ նախաքննական մարմինը պետք է անուններ հրապարակի, որպեսզի դեպքից տեղյակները կարողանան լրացուցիչ ցուցմունքներ տան այդ անձի գործողությունների վերաբերյալ. «Բացի դրանից՝ նման անձինք, ԱԱԾ-ի կողմից բացահայտված դեպքի մասնակից անձինք պետք է հանրային պարսավանքի ենթարկվեն»։

Արթուր Այվազյանն ասաց, որ ինքը կասկածներ ունի, որ այդ բարձրաստիճան զինվորականը Կարեն Առուստամյանն է, որին պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտում զինվորների ծնողները դաժան ծեծի էին ենթարկել։ «Ամբողջ Հադրութի, Ջաբրայիլի ու Զանգելանի տրուպները սաղ իրա վրա են։ Եթե հաստատվեց, որ 72 զինվորի գլուխ կերածն էլ է ինքը, պատկերացնում եմ, թե ինչ կարող է լինել»,- ասաց Այվազյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ չի հավատում պատերազմի առանձին դրվագների քննությանը առանձին քրեական գործերով։ «Դա արդյունավետ չի։

Չհավատաք, որ տենց մի բան դուրս կգա։ Մենակ Հադրութի դեպքերով հինգ-վեց քրեական գործ կա։ Տարբեր քննչական մարմիններ են գործեր քննում՝ մեկը Հայաստանում, մեկը Արցախում։ Դրա իմաստը ո՞րն է։ Իմաստը որն է առանձին գործեր քննել նույն դեպքի վերաբերյալ։ Էդ նույնն ա, որ մի ավտովթարի գործը քննի հա՛մ Քննչական կոմիտեն, հա՛մ ԱԱԾ-ն, հա՛մ ՀՔԾ-ն։ Ես չեմ հավատում, որ դրանից ինչ-որ բան դուրս կգա»,- եզրափակեց Այվազյանը։
1in.am