Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանին Ալիևը գումար է առաջարկել

Այսօր իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով Լուկաշենկոյին 6 միլիարդ դոլար առաջարկելու մասին ու պատասխանելով հարցին, թե ինչու այդ գումարը չի ծախսվել սպառազինության վրա, հայտարարեց, որ այդ մեղադրանքը տարածողները շատ լավ հասկանում, են, թե ինչ է ինքն ասել. «Երբ ես Լուկաշենկոյի միջոցով հակադարձում էի Ալիևին, ես ուղղակի ասում էի, որ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության դնել մեր հայրենիքը:

Սակարկության ենթակա չեն այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը տվել են Արցախի ազատության, անկախության համար: Դուք արդյո՞ք կասկածում եք, որ եթե հանկարծ Ալիևը համաձյանվեր, մենք ունա՞կ չէինք այդ գումարը հավաքելուն: Ես վստահ եմ, որ կարճ ժամանակում կհավաքեինք: Իմ պատասխանը ոչ թե կատակային էր, այլ չոր, եթե ուզում ես սակարկել, ես ավելի բարձր գին եմ տալիս»:

Սարգսյանը չբացառեց, որ այդ առաջարկությունը կարող է արած լինեն նաև Փաշինյանին. «Ամեն դեպքում, հայտնի է դարձել, որ Ալիևն ու կապիտուլյանտը գաղտնի բանակցություններ են ունեցել, հայտնի է, թե ովքեր էին վարում բանակցությունները:

Հայտնի է, որ հայկական կողմից օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլյանտին, ով այդ նամակը չի պատռել, չի ասել, որ անընդունելի բաներ կան, ասել է՝ շատ լավ:

Ես չեմ կարող պնդել, որ այնտեղ առաջարկություն է եղել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումն իրավունք է տալիս ամեն մեկին ողջամիտ կասկած ունենալու:

Սխալների տեղի ունեցած շարանը կամ միտումնավոր էր, կամ դավադրություն կամ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, ինչն այս իշխանությունների պարագայում անհնար է»:

Սարգսյանը նշեց, որ ողջամիտ կասկած բոլորն էլ կարող են ունենալ․ «Նորից եմ կրկնում՝ ողջամիտ կասկած բոլորն էլ իրավունք ունեն ունենալու: Ի՞նչ եք կարծում՝ որն է ավելի հավանական՝ այն, ինչի մասին այսօր հազարներն են խոսում, թե՝ Մանվելի տուշոնկա գողանալը: Ես կարծում եմ, որ այս հանրապետությունում չկա մեկը, ով համոզված լինի, որ Մանվելը տուշոնկա է գողացել»,-ասաց նա:

Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ չի կարող հերքել, որ հնարավոր է Փաշինյանը ստացել է նույն առաջակը. «Ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար․ Ոչ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, ոչ էլ պատերազմից հետո տեղի ունեցածը:

Եթե Շուշին դժբախտ ու դժգույն է, եթե հայկական չէ, եթե մարդն ունի ցինիկ համարձակություն խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշներն ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը:

Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են, թե տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում»: