Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար․ 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ հետաքննիչ Գ․Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։