Search
Close this search box.

Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել. սակայն զոհվեց Արցախում՝ կամավոր հոր աչքի առաջ

 

Անուն առ անուն
Գոռ Սերյանի Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին, Աշտարակ քաղաքում: 2006-2014 թթ․ սովորել է Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 2014-2017 թթ․ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ուջանի երաժշտական դպրոցում, մայրը՝ Մարինե Մնոյանը, եղել է երաժշտության առաջին ուսուցչուհին։ 2017-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժին, պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարան:

2018 թվականին արժանացել է «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը։
Ուսումը կիսատ է թողել, 2019-ին զորակոչվել է բանակ:
2020-ին սանձազերծված պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին զոհվել է կամավորական հոր՝ Սեյրան Թումանյանի աչքի առաջ: Հուղարկավորվել է Աշտարակում:

Հավերժ հիշատակ
Հետգրություն: Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել․ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա։ Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ զինծառայության ավարտի մնացել էր 3 ամիս, ավարտի, նոր միայն գնա:
Մրցանակները։

«Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Գյումրի, 2016 թվական, III կարգի դափնեկիր: «Զվարթնոց» հայ երգի 2016-2017 թթ․ մրցույթ-փառատոն, «Դասական երգ» անվանակարգ, 1-ին մրցանակ: «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթ, Երևան, 2017թ., 1-ին տեղ: “La riqueza de voz” մրցույթ, Իսպանիա, Լորետ դե Մար, 2017թ., Ոսկե գավաթ: «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոն (2018 թ.), Թուրքիա, Սիդե քաղաք, Գրան պրի:
Այս ցանկը կարող էր շատ երկար շարունակվել, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը:

Անի Քոչար