Search
Close this search box.

ՀՀ իշխանությունները պետք է արձագանքեն Սյունիքի վերաբերյալ «գաղտնի փաստաթղթի» մասին տեղեկատվությանը․ Իվետա Տոնոյան

Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն Սյունիքի եւ Ղարաբաղի վերաբերյալ «գաղտնի փաստաթղթի» մասին համացանցում շրջանառվող տեղեկատվությանը: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նաեւ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը հասարակությունից իրականությունը թաքցնելու փորձ է:

«Իշխանությունների հրաժարականի ազգային եւ համահայկական պահանջը միանշանակ ձեւավորվել է, եւ ցանկացած պահի այդ բացասական տրամադրությունները կարող են դրսեւորվել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նախօրեին մեկնաբանություններ էր արել իր ավելի վաղ արված հայտարարության վերաբերյալ այն մասին, որ, ելնելով ներկայիս օպերատիվ իրավիճակից եւ անվտանգության նկատառումներից, ինչպես նաեւ հիմք ընդունելով սահմանային աշխատանքների հանգամանքը Հայաստանի Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում, նշված տարածքներում տարբեր թեմաների լուսաբանելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է այցը համակարգեն ԱԱԾ-ի հետ: