Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում արդյունաբերական կանեփ է արտադրվելու

Կառավարությունը հաստատեց տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պլանը ընդգրկում է 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր։

«Նպատակային գործողություններից մեկը նշեմ․ օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր գյուղատնտեսական արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության դրական փորձ ունեն ՌԴ, ԱՄՆ և Չինաստանը։ Մենq նույնպես շատ արագ այս դաշտը ստեղծելու ենք»,-նշեց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց պարզաբանել արդյունաբերական կանեփի մշակման և արտադրության վերաբերյալ կետը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ծանրագույն հետևանքներով և լրջագույն մարտահրավերներով լի տարի էր: Աշխարհում մոլեգնած և Հայաստանում նույնպես ինտենսիվ տարածում ունեցած կորոնավիրուսի համավարակը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, առողջապահական ճգնաժամից զատ շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմը և երկրում հայտարարված ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը էլ ավելի խաթարող ազդեցություն ունեցան տնտեսական միջավայրի վրա՝ առաջ բերելով հրատապ կարգով մակրոշրջանակի վերանայում, ծախսային առաջնահերթությունների վերաուղղորդում, տնտեսությունում տեխնոլոգիական խզումներ, կարճաժամկետ ու միջնաժամկետ մի շարք անորոշություններ:

Տնտեսական հիմնախնդիրներին հրատապ արձագանքման և տնտեսական բարենպաստ միջավայրի վերականգնմանն ուղղված՝ Կառավարությունը սահմանում է կոնկրետ նպատակներ և խնդիր է դնում առանձնացնել հակաճգնաժամային բնույթի միջոցառումների այն շրջանակը, որոնց ուղղությամբ ջանքերի համախմբումը հնարավորություն կտա տեսանելի որակական տեղաշարժեր արձանագրել կարճաժամկետում: