Search
Close this search box.

Ադբրեջանի ղեկավարությունն այցելում է Արցախի օպուպացված տարածք Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում. պատգամավոր

«Ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ մինչև սեպտեմբերի 27-ն առկա իրավիճակում մենք էինք խոչընդոտը տարածաշրջանում առևտրային հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների զարգացման հարցով։ Հիմա ոնց որ թե մեր շատ գործընկերներ կարծում են, որ քանի որ ամեն ինչ ավարտվեց այդպես, բոլորս կարող ենք խոսել տարածաշրջանում խաղաղության, անվտանգային համակարգի կառուցման, առևտուր անելու մասին»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, պատերազմական հանցագործություններ է կատարում, շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի համար։ «Ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործների հավաքածու է։ Եվ այս պայմաններում խոսում ենք՝ ամեն ինչ անցավ, եկեք անցյալին չանդրադառնանք, նայենք առաջ, գնանք տեսնենք ինչ առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, ճանապարհներ բացենք։ Եթե այս միտումով եք պատրաստ դուք ձեր քաղաքականությունը կառուցել, ապա ես այստեղ ազգային որևէ տարր չեմ տեսնում»,- ասաց նա։

Տարոն Սիմոնյանը նշեց, որ վերջին շրջանում ՀՀ կառավարության անդամներից մեկն է միայն գնացել Արցախ։ Վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ադբրեջանի ղեկավարությունն այցելում է Արցախի օպուպացված տարածք Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում։ «Երեք ամիս է անցել, Հայաստանի ֆինանսավորմամբ մի հատ տուն չի կառուցվել Արցախում։ Մասնավոր անձանց ջանքերով միգուցե կառուցվել են ու կառուցվում են։ ՀՀ-ն անվտանգության երաշխավո՞րը չէր, սոցիալական հարցերով զբաղվո՞ղը չէր։ Էդ ձեռներդ լվացիք, հա՞ Արցախից։ Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի իշխանական պատգամավորներ և կառավարություն։ Օր առաջ վերանայեք ձեր ամբողջ քաղաքականությունը Արցախի նկատմամբ և գիտակցեք, որ առանց Արցախ Հայաստան չկա և առանց Հայաստան Արցախ չկա»,- ասաց Սիմոնյանը։