Search
Close this search box.

Հակոբ Սիմիդյանի կինը նախարարությունում վարչության պետի տեղակալ է նշանակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են:

Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են:

Ամենաթարմ օրինակը, որ կարող ենք մատնանշել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի կնոջ դեպքն է: Մասնավորապես, Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջերս աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Եթե նա չլիներ Սիմիդյանի կինը, արդյոք կնշանակվե՞ր այդ պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեց Անահիտ Սարգսյանի մայրիկին՝ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով. «Այդտեղ որեւէ բան չկա, քննություն է տվել ու ընդունվել է, իմ աղջիկը շատ կրթված է ու այժմ էլ աշխատանքի է»:

Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երեւանի ավագանու անդամ է: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, մինչեւ երեկ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին եւ հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջեւանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ:

Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որոնց առաջիկայում կանդրադառնանք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ մերժելով հին բարքերը՝ հեղափոխական իշխանությունը հենց հին, մերժված մտածողությամբ է առաջ շարժվում՝ ամեն պատահած բաջանաղի խցկելով պետական համակարգ»:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։