Search
Close this search box.

Իմ հաղորդած տեղեկություններով ես ոգին էի բարձրացնում․ իսկ «Իսկանդերը» Շուշիի վրա կրակելու համա՞ր նախատեսված զենք էր

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի օրերին մեր ժողովրդին ստերով «կերակրած» Արծրուն Հովհաննիսյանը երեկ մարդամեջ էր դուրս եկել․ ժամանել էր ԱԺ՝ ինչ-որ անիմաստ լսումների մասնակցելու։ Մենք հարցեր ուղղեցինք նրան։

Դուք 44 օր շարունակ ասում էիք՝ հաղթելու ենք, բայց մենք պարտվեցինք։ Ինչո՞ւ էիք ասում, որ հաղթելու ենք։

– Ես ասում էի՝ հաղթելու ենք, որովհետեւ նախ հավատում էի դրան, իսկ ինչու էի դրան հավատում, կարող եմ շատ երկար խոսել, դժբախտաբար, չհաղթեցինք։ Սա՝ մեկ։ Երկրորդը․ ընդհանրապես, պատերազմի քարոզչության ժամանակ ասում են՝ հաղթելու ենք, այսինքն՝ ապագայով, գրեթե բոլոր պատերազմող կողմերը, անկախ նրանից, թե էդ պահին իրենց վիճակն ինչպիսին է։ Իսկ ես առաջնագծի, այսինքն՝ ռազմաճակատի մասին փաստերը, լուրերը, որոնք հայտնել եմ հանրությանը, բացառապես ստացել եմ ուժային գերատեսչությունից՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ ճանապարհներով։

Ուզում եք բացառել, որ Աննա Հակոբյանը կամ որեւէ մեկը Ձեզ տեղեկություն է փոխանցել։

– Ուզում եմ չէ, ես բացառում եմ եւ պնդում եմ՝ դրանք կեղծ տեղեկություններ են, եւ եթե որեւէ մեկը բերի գեթ մեկ ապացույց՝ չհաշված էն ծիծաղելի նկարը, որը տարածողները գիտեմ, որ իրենց ֆեյքերով, ոչ ֆեյքերով կհարձակվեն վրաս, բայց թող էդ նկարի նախա եւ հետպատմությունը ցույց տան։ Եթե իրենք նկարել են այլ շենքից «Ազատություն» ռադիոկայանի բալկոնը, կարող են 5 րոպե առաջ էլ էդ նկարը ցույց տան, թե ինչպես եկանք նստեցինք սեղան եւ սեղանից հելանք գնացինք։ Երեք-չորս նկար կհամադրեք իրար հետ եւ կտեսնեք, որ տիկին Աննա Հակոբյանն էդտեղ չի եղել։ Ավելին ասեմ Ձեզ․ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան, նույնիսկ տասը մետր հեռավորությունից ես տիկին Հակոբյանին չեմ տեսել ընդհանրապես։ Իմ տեղեկություններն ստացել եմ բացառապես պաշտպանական գերատեսչությունից, տարբեր խողովակներով՝ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի օպերատիվ, ՊԲ, իսկ ինչը որ ինձ չի բավարարել, եւ ուզեցել եմ լրացուցիչ ճշտումներ անել, օգտվել եմ իմ ընկերների ծառայություններից, ովքեր եղել են առաջնագծի հրամանատարներ։

Ստացվում է՝ բոլորը Ձեզ սուտ տեղեկությո՞ւն են հաղորդել։

– Իհարկե, ոչ․․․ երբ մանրամասները մասնագիտորեն ու առանց էմոցիաների վերլուծեք, կտեսնեք, որ չնայած բազում սխալներին, որոնք պատերազմի ժամանակ, որպես կանոն, լինում են, մեր դեպքում էլ, քանի որ պարտված ենք, դրանք ավելի ցցուն են դառնում․․․

Ասում էիք՝ որեւէ մեկը չպետք է անգամ մտածի, որ այս ոգին կարող է պարտվել․․․

– Իմ հաղորդած տեղեկությունների մեջ եղել են ինչպես հաղթելուն միտված, ոգին բարձրացնող կոչեր, որոնք բնական են պատերազմի ժամանակ, այնպես էլ սթափեցնող ու զգուշացնող կոչեր, որոնք դուք հիմա չեք ներկայացնում։ Անցել է երեք ամիս պատերազմից, ոչ մի լրատվամիջոց չի նշել, որ Արծրուն Հովհաննիսյանի 400 գրառումներից մոտավորապես 180 գրառումը եղել է ծանր, դժվար պայքարի, պատերազմի ու մարտերի մասին։ Ընդ որում, էդ «հաղթելու ենք» տեքստից առաջ կամ հետո նշվել է, որ վիճակը շատ ծանր է, բայց պիտի հաղթենք, շանս չունենք, որովհետեւ 18 թվին էլ ենք հաղթել, 94-ին էլ, չգիտեմ․․․ Հայրենականի ժամանակ էլ։

Դա բարի ցանկությո՞ւն էր, որ հաղթելու ենք։

– Դա քարոզչություն է կոչվում։

Այսինքն՝ սուտն իրականության տեղ մատուցելը քարոզչությո՞ւն է։

– Դա Ձեր գնահատականն է։

Գնահատականը չէ, փաստ է, ասում էիք՝ հաղթելու ենք՝ պարտվեցինք։

– Ես էլ հարցնում եմ՝ ո՞րն էր սուտ, որ հարավային ճակատում գերծանր մարտե՞ր էին ընթանում։ Հիմա ո՞րն էր սուտ էդ հաղորդագրության, վերեւի՞ մասն էր սուտ, թե՞ ներքեւի։

Ձեր «Հաղթելու ենք» հեշթեգով քարոզչությունն էր սուտ։ 44 օր շարունակ ինչ ուզում՝ ներկայացնում էիք։

– Ես՝ որպես զինվորական, ուզում էի հաղթեինք, ու բոլորս էինք ուզում։

Շուշին արդեն հանձնվել էր, Դուք դեռ գրում էիք, որ Շուշին չի ընկնելու, մարտերը շարունակվում են։ Ինչո՞ւ։

– Դե, գիտե՞ք, պատերազմից անցել է երեք ամիս, ես էս պահին չունեմ հստակ տեղեկություն, թե Շուշին, իրականում, որ րոպեին է ընկել։ Ամսի 6-ից մինչեւ 9-ը Շուշիում եւ Շուշիի շրջակայքում իրավիճակը կտրուկ փոփոխվել է 3-4 անգամ․․․

«Գյոռբագյոռ-2020»-ն ինչի՞ն էր վերաբերում։

– Պնախարարությունում մշակված տերմինոլոգիա է եղել՝ դեպի Շուշի եկող քարանձավների, ձորերի եւ տարբեր հետիոտն ճանապարհներով դեպի Շուշի եկող ադրբեջանական զորախմբերի ոչնչացվելուն ուղղված։

«Իսկանդերով» Շուշիի այդ հատվածին խփելը «Գյոռբագյոռ-2020»-ի մեջ մտնո՞ւմ էր։

– Ես չեմ կարող ասել։ Ռազմական գործողությունը մշակվել է գլխավոր շտաբում, որին ես չեմ մասնակցել։

«Իսկանդերը» կրակե՞լ են։

– Իմ որոշակի տեղեկություններով՝ այո։

Շուշիի՞ վրա, թե՞ Ադրբեջանի տարածքների։

– Չեմ կարող ասել։

Ի՞նչ եք կարծում, «Իսկանդերը» Շուշիի վրա կրակելու համա՞ր նախատեսված զենք էր։

– Բարդ հարց եք տալիս, նախ պիտի հասկանանք՝ ինչ է «Իսկանդերը»։

Պարտության մեջ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Քաղաքական հարց եք տալիս, իրավասու չեմ պատասխանել։

Դուք զինվորական եք եւ հանրությանը 44 օր շարունակ տեղեկություններ էիք հաղորդում, որոնք, պարզվում է, ճիշտ չէին։ Ովքե՞ր էին սուտ տեղեկություն Ձեզ հաղորդում։

– Այդ տեղեկությունները Ձեր գնահատմամբ ճիշտ չեն։ Դրանք ունեցել են անճշտություններ, բայց էդպես չի, ինչպես Դուք եք նշում։

Որո՞նք են անճշտությունները, գլխավոր անճշտությունը ո՞րն է եղել։

– Անճշտություններ շատ են եղել, օրինակ՝ տեղի, ժամանակի, բնույթի, գործողությունների հետ։

Դուք Ձեզ մեղավոր չե՞ք զգում։

– Ես մեղավոր եմ զգում, որ պարտվել ենք, կարծում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի իրեն մեղավոր է զգում։

Ես նկատի ունեմ՝ որպես պաշտոնատար անձ, զինվորական, քարոզչության թիվ մեկ պատասխանատու։

– Որպես պաշտոնատար անձ, ով իր գործը կատարել է, ես էդ գործում իմ որոշակի թերությունները հանած՝ ես իմ մեղավորությունը տեսնում եմ։

Ո՞ր թերությունները, առարկայական ասեք։

– Դե, ասացի, պատերազմի ընթացքում որոշ տեղեկություններ եղել են ոչ ճիշտ։

Դուք իմացե՞լ եք, որ ոչ ճիշտ տեղեկություն եք փոխանցում մեզ։

– Ոչ, հետո եմ իմացել։

Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձել այդ հարցերի պատասխանը գտնել։

– Դրանք չեմ կարծում, որ որոշիչ են եղել, հիմա էլ Ձեզ կարող եմ մի բան ասել՝ հիմա Դուք ու շատ-շատերը, ցավոք, պատերազմի հետեւանքների, պարտության, հետագայում դա չկրկնվելու եւ հետագայում այդ կռիվը, որ կարող է շարունակվել, եւ բոլոր այս հարցերի առումով շարունակում եք անկարեւոր բաների վրա ֆիքսվել, կոնկրետ դեպքում՝ քարոզչության։ Էնպիսի տպավորություն է, որ կարծես քարոզչությունը բերել է պարտության։

Պարոն Հովհաննիսյան, մենք քարոզչության տակ էինք մնացել։

– Եթե էդպես է, ապա 30 տարվա քարոզչության մասին կարող ենք խոսել՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, հաղթող բանակի։

Բայց Դուք էիք այդ բոլոր տարիներին քարոզչության պատասխանատուն, Դուք էիք այդ ամենը փոխանցում մեզ։

– Դուք էլ դրան մասնակցել եք ձեր գործողություններով։

Մեր բանակը մարտունակ չի՞ եղել։

– Ուրեմն՝ երկրորդ սխալը, որ անում ենք հիմա, քարոզչությունն ավելի եք կարեւորում, քան մարտական գործողությունների պլանավորումը, պետության ռազմավարական պատրաստությունը պատերազմին։

Բայց հենց Դուք էիք կարեւորում քարոզչությունը։

– Ես հիմա բանավեճի հավես չունեմ, գնացեք սրա մասին մտածեք։

Պարոն Հովհաննիսյան, Շուշին Ձեզ համար հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է։

– Շուշին իմ համար սուրբ քաղաք է։

Հայկակա՞ն սուրբ։

– Իմ համար սուրբ քաղաք է։