Search
Close this search box.

Ադրբեջանցի 2 զինծառայող ազատ են արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնց 2021 թվականի հունվարի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: