Search
Close this search box.

Նախիջեւանն անջատվեց․ ինչ է սպասվում

Իր շրջանային տուռնեի վերջում Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Թուրքիայից մեկնել է Նախիջեւան եւ հանդիպել այդ ինքնավարության ղեկավարության հետ։ Մինչ այդ Զարիֆը եղել էր Մոսկվայում, Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում, քննարկելով հաղորդակցությունների եւ այսպես կոչված 6-ի պլատֆորմի համագործակցության հարցեր։ Բաքվում նա շնորհավորել էր «վերջին հաղթանակների կապակցությամբ», Երեւանում հայտարարել, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։

Իրանը փորձում է դուրս գալ այն վասալային իրավիճակից, որում հայտնվել է Ղարաբաղում ռուս-թուրքական համաձայնություններից հետո, երբ Մոսկվան ու Անկարան Թեհրանին ցուցադրաբար դուրս թողեցին շրջանի «աստանայացումից»։

Իրանը փորձում է պահել իր ազդեցությունը եւ դուրս չմնալ «հաղորդակցությունների ապաշրջափակման», իրականության մեջ՝ շրջանի բաժանման գործընթացից, եւ այդ ֆոնին Նախիջեւան այցը, Ստամբուլում «Իրանը եւ Թուրքիան միշտ իրար կողքի են դժվար ժամանակներում» Զարիֆի հայտարարությունը վկայում են, որ Թեհրանին չի բավարարել տրանզիտային շահերը չանտեսելու մոսկովյան խոստումը։

Նախիջեւանը 1921 թ․ պայմանագրով Մոսկվան նվիրել է Ադրբեջանին, այն Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ռուս-թուրքական պայմանագրով Նախիջեւանը հանձնվում էր Բաքվի խնամակալությանը՝ երրորդ կողմին չփոխանցելու պայմանով։ Իր հերթին, Ռուսաստանի հետ վասալային պայմանագիր կնքած Իրանը իր տարածքից մի կտոր զիջեց Թուրքիային՝ ցամաքային սահման ապահովելու համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը նկատելի հաջողությամբ էքսպանսիա էր իրականացնում Նախիջեւանում, սակայն աստիճանաբար Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը, եւ ներկայում այն փաստացի թուրքական տարածք է՝ ռազմական եւ տնտեսական պաշտոնական ներկայությամբ։ Բացի այդ, Անկարան Նախիջեւանը փորձում է ինտեգրել Կարսին, որը նույնպես ռուսները նվիրել էին Թուրքիային, «ավելորդ» բնակչությանը վերաբնակեցնելով Կարսի նահանգում, դեմոգրաֆիան փոխելու նպատակով։

Ներկայում Մոսկվան Բաքվի ու Անկարայի համար միջանցք է ստեղծում Մեղրիով, եւ ՌԴ ԱԴԾ-ն պետք է հսկի այդ ճանապարհը։ Այսպիսով, Մոսկովյան ծրագրով Նախիջեւանին գումարվում է Սյունիքի մի մասի օտարումը թուրքերին, ինչը կարող է վնասել Իրանի «տրանզիտային շահերին»։ Միեւնույն ժամանակ, խոսվում է Նախիջեւանով Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության մասին, ինչը բավական անորոշ հեռանկար է։

Զարիֆի շրջագայությունը 6-ի պլատֆորմի հավանական շրջանակում վկայում է Թեհրանի մտահոգությունների մասին։ Միեւնույն ժամանակ, Երեւանի համար անընդունելի է Արցախում ու Նախիջեւանում հայկական շահերի հաշվին Իրանի ազդեցության ծավալման փորձը։

Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ իրանցիները միակն են Հայաստանի շրջապատում, որ չունեն հայերի նկատմամբ բարդույթներ: Մնացած բոլորը՝ վրացիները, հրեաները, թուրքերը, «ադրբեջանցիները», անշուշտ նախ եւ առաջ ռուսները, բացի բնական քաղաքական շահերից, առաջնորդվում են հայերի հանդեպ ունեցած ահեղ էթնիկ, քաղաքակրթական բարդույթներով:

Իրանը վասալային վիճակից եւ «Ադրբեջանի» համար մրցակցությունից շահած կարող է դուրս գալ այս բարդույթների բացակայության ուժով՝ հայկական շահերի շրջանակում, ոչ թե 6-ի պլատֆորմում փրկություն որոնելով։

lragir.am