Search
Close this search box.

Ռուսաստանն ընդունեց ԱՄՆ-ի առաջին պայմանը․ Ինչ է սպասվում Ղարաբաղում

ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2010 թվականի ապրիլի 8-ի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման դաշնային օրենքը: Օրենքն ընդունվել է նախօրեին։

Այս պայմանագիրը ստորագրվել էր Օբամայի օրոք, ՌԴ հետ հարաբերությունների վերբեռնման կուրսի շրջանակում։ Ռուսաստանին օդուջրի պես անհրաժեշտ էր այդ պայմանագիրը, նախ 2008-ի Վրաստանի հետ պատերազմից հետո միջազգային մեկուսացումը հաղթահարելու, եւ երկրորդ՝ սպառազինության մրցավազքից խուսափելու համար, որին ռուսական տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման մակարդակը չէր ձգի։

Ազատվելով այդ հոգսից, ինչպես նաեւ օգտվելով նավթի գնի բարձրացումից ու փողի ներհոսքից, Մեդվեդեւից հետո նախագահի պաշտոնին վերադարձած Պուտինը սկսեց «աշխարհքաղաքական ռեւիզիայի» եւ հակաարեւմտյան ագրեսիվ արտաքին քաղաքական կուրսը, որի վերջին հանգրվանը Արցախի դեմ ահաբեկչական պատերազմն էր՝ Կրեմլի ծրագրով եւ հովանավորությամբ։

Միեւնույն ժամանակ, այդ կուրսը ներկայում սպառել է իրեն, եւ մեծապես՝ հենց Արցախի դեմ այդ պատերազմով, որն ավելի շատ իմպերիայի հոգեվարքի նշան էր։ Ավելին, այդ կուրսը տապալված է, եւ ամերիկյան նոր վարչակարգը Ռուսաստանը «փրկելու» համար պայմաններ է առաջադրել, որոնք շարադրել է նախագահ Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում։

Պուտինն անմիջապես ընդունել է առաջին պայմանը՝ ստորագրել է պայմանագիրը, երկար ժամանակ ձեւ անելով, թե դա չի մտահոգում իրեն։ Պուտինը, ռուս փորձագետների բնորոշմամբ, ինչ որ գերարդիական հրթիռների «մուլտֆիլմեր» էր ցուցադրում, խոսում դրանց արտադրության մասին, միեւնույն ժամանակ մասնագետները զգուշացնում էին, որ տեխնոլոգիական պատժամիջոցները հնարավոր չեն դարձնում այդ մշակումները։ Բացի այդ, Ռուսաստանի տարիներ շարունակ ռեցեսիայի մեջ գտնվող տնտեսությունն արդեն չի դիմանա սպառազինության նոր մրցավազքին։

Բայդեն-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունը չափազանց ժլատ է, մինչդեռ Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում են բոլոր այն պահանջները, որոնց կապակցությամբ ԱՄՆ-ն մտադիր է պատասխաններ ստանալ՝ նոր պատժամիջոցներ սահմանելուց առաջ։

Այդ հաղորդագրության մեջ չկա Ղարաբաղի մասին հիշատակություն, միեւնույն ժամանակ, եթե Ռուսաստանը դառնում է ԱՄՆ-ի ագենտը, իսկ այլ կերպ Մոսկվան չի կարողանալու գլուխ հանել իր ստեղծած թնջուկներից Լիբիայից մինչեւ Ղարաբաղ, Ղարաբաղի հարցն անկասկած լինելու է այդ քաղաքականության փաթեթում։ Բայդենի վարչակազմն ու պետքարտուղարությունն արդեն հայտարարել են ԼՂ խնդրի երկարատեւ լուծման հասնելու մտադրության մասին, ներառյալ կարգավիճակի հարցը, այդպիսով մերժելով Պուտինի պնդումը, որ հակամարտությունն արդեն լուծված է։

Դժվար է ասել, թե ինչ մեխանիզմներով ու ժամանակային հատվածում կարող է սկսել այդ գործընթացը, եւ սկսելու է արդյոք, թե ոչ։ Արդյոք Մոսկվան, ազատվելով սպառազինության նոր մրցավազքի հեռանկարից, ավելի չի կարծրացնի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, թե այլեւս չունի դրա ռեսուրսը, կամ ավելի ճիշտ՝ այդ ռեսուրսը լինելու է կառավարելի՝ ագենտ-քաղաքականության շրջանակում։

Սովորաբար, այս թեմաներով գրելիս արդեն ձանձրալի է դառնում Հայաստանի մասին հարցադրումը՝ իսկ հայկական կառավարությունը, քաղաքական դասը կարո՞ղ են համարժեք վարք դրսեւորել ստեղծված իրավիճակում, դուրս գալով պրիմիտիվ ռազբորկաների ու անիմաստ ռուսահպատակության ճահճից։ Առայժմ ԱԳՆ-ն ու մի քանի քաղաքական ուժեր են դնում հայկական իրավունքների հարցը։ Մյուսների համար Արցախի կարգավիճակի հարցը սառնաշունչ տաբու է։
lragir.am