Search
Close this search box.

Հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և մերժում ընտրությունների գաղափարը։ Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռևս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոշտ է դրել հարցը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեր թերթին տված հարցազրույցում քանիցս հայտարարել է՝ նրանք, ովքեր կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին, կլեգիտիմացնեն դավաճանի վերարտադրությունը։

Շարմազանովը երեկ խուսափեց գնահատականներ տալ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությանը, թե մասնակցելու են ընտրություններին և «կրեն»։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն՝ հարցրինք նրան։ Ասաց՝ քանի դեռ ԳՄ նիստ չեն արել, ուժի մեջ է տարեվերջյան նիստի որոշումը, այն է՝ գործող վարչակարգի հետ այդ թեմայով որևէ կոնսուլտացիա բացառվում է։

Բանն այն է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և ինքնամեկուսացման ռեժիմում է։ Սրանով են նաև բացատրում, որ ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմը՝ 6-ի ֆորմատով (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, Վազգեն Մանուկյան), տևական ժամանակ է՝ նիստեր չի անում, չի հանդիպում։ Թե երբ կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք պարբերաբար նիստեր հրավիրում են, ընդամենը մեկ ամիս է անցել վերջին նիստից, երբ նոր որոշում կունենան, կհայտնեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում