Search
Close this search box.

Պատերազմում վիրավորված անձինք միանվագ սոցիալական աջակցություն կստանան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

Աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ, մասնավորապես, նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով, բացառությամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունեն և ստանում են ֆինանսական աջակցություն։

«Այս կարգավորման իմաստով վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորը, կամավորականները։ Այսինքն՝ բոլոր այն անձինք, ովքեր ստացել են վիրավորում և որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց, այդ անձանց առկա բազայի հիման վրա առաջարկվում է իրականացնել այս միջոցառումը։ Նպատակը կայանում է նրանում, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավական թեթև են եղել հիմնականում, սակայն այդ անձինք նաև որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել։ Սրանով փորձում ենք այդ սոցիալական խնդիրները կարգավորել։ Համաձայն մեզ փոխանցված տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացի»,- ասաց նախարարը։