Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է նոյեմբերի 3-ին հրամայել Քարինտակի զորքերին դուրս գալ. Մանրամասներ՝ Շուշիի հանձնման գործընթացից

Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, ամեն անգամ նշվել է, որ նահանջում են ռմբակոծելու, օղակի մեջ վերցնելու համար, թշնամու վերջը տալու համար. «Բայց նահանջելով եկան հասան Շուշիի մատույցներ՝ Քարինտակ գյուղ:

Ճիշտ չէր կազմակերպված կամ հրամանատարություն չկար, հրաման տվող չկար: Կամ էլ լսել եմ, որ ինչ-որ ադրբեջանցիներ են եղել հայերի հետ խառնված, ովքեր ասել են, որ պետք է նահանջել:

Եթե ճիշտ կազմակերպված լիներ, հրամանատարներ լինեին, կարողանային զորքերը տեղում պահեին, չէին նահանջի:

Ես կոնկրետ կարող եմ ասել Քարիտանկի մասին: Երբ թշնամին եկել ու հասել է Սղնախի մատույցներ, այդ ժամանակ մենք Քարինտակում զորք ենք ունեցել, որն ամսի 3-ին չգիտեմ ոնց դուրս է եկել, ինչից հետո թշնամու տեխնիկան եկել ու հասել է այնտեղ, որտեղ այդ զորքը կանգնած է եղել:

Քարինտակցին ինչպես կարող էր այդ պայմաններում պաշտպանվել: Քարինտակցին այն մարդն է եղել, ով 92 թվականին 12 ժամ ճակատամարտ է եղել ու երբեք չի նահանջել, շրջանցել է թշնամուն գցել օղակի մեջ ու փրկել, ինչի համար էլ ադրբեջանցիները գյուղն անվանում էին Արյունոտ ձոր: Ես սպասում էի, որ գոնե Քարինտակում այդպես պետք է լիներ»։

Սարգսյանն ասաց, որ նորմալ չի աշխատել նաև հրետանին, ականանետ չի եղել այդ տարածքում, որտեղ է եղել այն. «Մենք գնացել ենք որ դիրքավորվենք, սակայն ականանետ չի եղել, եթե լիներ, կարող էր ջախջախել թշնամուն:

Ես չգիտեմ, թե ոնց էր կազմակերպված, մինչև հիմա պարզ չէ, թե ով է հրամայել Քարինտակի զորքին դուրս գալ ու ինչու է նման հրաման տվել»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա համար այսպիսի արդյունք է եղել: