Search
Close this search box.

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարևոր հաղորդագրությունը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների ավելի քան 2 հազար ազգական, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության կողմից այսօր տարածած տեսանյութում պատկերված է Ստեփանակերտում գործող այդ կենտրոնը ինչպես նաև դրան կից գործող թեժ գծի աշխատանքը։

Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ անհետ կորածների հարցով մինչ օրս իրենց է դիմել 2 հազար 320 մարդ, որոնցից 575-ը թեժ գծի միջոցով։

«Անհետ կորած անձանց տվյալները հավաքագրվում են խաղաղապահների կողմից՝ փոխանցվելով որոնողական խմբերին։ Որոնողական աշխատանքները իրականացվում են Խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ինչպես նաև ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ», – նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։