Search
Close this search box.

Ովքե՞ր զինծառայությունից տարկետման իրավունք ստացան

Կառավարությունը մշակույթի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի խումբ քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց: Տարկետում ստացան Գոռ Անդրանիկի Սարգսյանը, Արթուր Համլետի Գրիգորյանը, Գևորգ Կարապետի Մատինյանը, Անդրեյ Սերգեյի Կուրբետը:

Գոռ Սարգսյանը սովորում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դասական պար» բաժնի 2-րդ կուրսում: Սարգսյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Վ. Գալստյանը, Ն. Մեհրաբյանը, Է. Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մարիկյանը:

Արթուր Գրիգորյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:

Արթուր Գրիգորյանի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:

Գևորգ Մատինյանը սովորում է Համբուրգի երաժշտության և թատրոնի համալսարանի դաշնամուրային բաժնում, պրոֆ. Հուբերտ Ռուտկովսկու մոտ:

Գևորգ Մատինյանը 2008-2015թթ. սովորել է «Արեգնազան» կրթահամալիրում: 2009-2013թթ.՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Դիանա Խաչատրյանի դասարանում: 2016-2019թթ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Վիլլի Սարգսյանի մոտ: 2016-2019թթ.՝ Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում: 2016-2019թթ.՝ սովորել է նաև դոցենտ Արեգ Սարգսյանի մոտ:

Անդրեյ Կուրբետը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:

Անդրեյ Կուրբետը 6 տարեկանից մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոնների, ներկայացրել է ՀՀ-ը տարբեր երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ):

Անդրեյ Կուրբետի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:

Ըստ հիմնավորման, մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում: