Search
Close this search box.

Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23

Տերյան 23 հասցեում արդեն 12 տարի գործող «Տուն լահմաջոյում» զգում ես քեզ ինչպես տանը:
Ամենահամեղ հայկական խոհանոցի ընտրանին` քյուֆթան, տոլման, փիթին, փռի մեջ պատրաստվող հավը, ճուտը, ձուկն ու ոչխարի թիակը, խորովածի ու քյաբաբի բազմաթիվ տեսակները և դե իհարկե արդեն հայկական խոհանոցին հարազատ դարձած լահմաջոն, ինչպես նաև յուրահատուկ Գավառի խաշը: Ճաշացանկն ու առաջարկվող տեսականին մեծ է, կարող եք վայելել նաև վրացական խոհանոցի ուտեստներ, բայց հետաքրքիրն այլ է. ուտեստների ցանկը անընդհատ մեծանում է այցելուների ցանկությամբ: Իսկ թե ինչպես, պանդոկի տնօրեն Արմինե Աբաջյանը շատ մատչելի բացատրում է.
«Ամուսինս՝ Էդուարդ Ջանիբեկյանը,փորձում է «չէ» բառը չկիրառել: Ինչ ուզում են, չի ասում չունենք, միանգամից տեղում կազմակերպում է, ունենում ենք: Նույնիսկ երբ սրահը լեփ-լեցուն է, փորձում է անել հնարավորն ու անհնարինը նոր հյուրին տեղով ապահովելու համար: Ոչ մեկն այստեղից նեղացած չի գնում»,- ասում է նա:

Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ տիկին Արմինեն պատմում է «Տուն լահմաջոյի» ստեղծման պատմությունը:
Այստեղ իրենց տունն է եղել: Որոշել են ու տան տեղում պանդոկ հիմնել: Որոշմանն էլ հանգել են ամուսնու համեղ պատրաստելու կարողության հիման վրա: Սկզբում միայն լահմաջո, պիցցա ու աջարական են մատուցել: Հյուրերի թվի ավելացմանը զուգահեռ նաև ճաշացանկն է ընդլայնվել:
Հաջողության գաղտնիքներից մեկն էլ կիրառվող բաղադրիչների թարմությունն է: Օգտագործվում է միայն տեղական ու թարմ միս: Այլ կերպ հնարավոր չէ: Տիկին Արմինեի ընտանիքի բոլոր անդամները այստեղ են սնվում, իսկ լահմաջոյի ամենամեծ սիրահարը տան ամենափոքրիկ անդամն է, 1 ու կես տարեկան թոռնիկը:
Տուն լահմաջո — հյուրընկալությունն ու համեղ խոհարարական ավանդույթները այցելուները գնահատում են, գալիս են մենակ, խմբերով, նշում են մեծ ու փոքր առիթներ կամ պարզապես լավ ժամանակ են անցկացնում: Ի դեպ` շատերն այստեղ այնքան հաճախ են եկել, որ մտերմացել են սեփականատերերի հետ: Հավատարիմ հյուրերից շատերն էլ այստեղ «մշտականներ» անունն են ստացել: Ավելին` պանդոկի 10-ամյակին նրանց հատուկ պատվոգրեր են տրվել:
Հետաքրքիրն այն է, որ այստեղ հյուրերին միայն համեղ մենյուն, կատարյալ մաքրությունն ու բարեհամբույր սպասարկումը չէ, որ գրավում է: Նաև դրական մթնոլորտն ու հնի, նորի համադրությունն է գրավում:


Սրահն ամբողջությամբ զարդարված է հնություններով` խորհրդային ժամանակների ռադիո, հեռախոս, ֆոտո, կավե ծաղկամաններ ու անգամ սեփականատերերի որդու առաջին ջութակը:
«Հնություններ հավաքելը Էդուարդի հոբբին է եղել, որը հետագայում դարձավ ոգեշնչման աղբյուր նմանատիպ յուրահատուկ և ոճային ինտերիեր ստեղծելու համար: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց այնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի», — պատմում է տիկին Արմինեն:
Սրահի պատերի մեջ տեղ գտած քարերն էլ պատմություն ունեն. քանդված հին շենքից են փրկվել ու այստեղ երկրորդ կյանք ստացել: Սրահի պատերին նաև հին ու նոր լուսանկարներ կան: Պատերից մեկի վրա հին Մաշտոցի պողոտայի ձեռանկարն է: Հեռվում Օպերան է երևում, ու կարծես թե դեպի քեզ շարժվող անցյալ դարձած հին ու բարի տրամվայը ամբողջացնում է հին կոլորիտով Երևանի համայնապատկերը:


«Մենք նույնիսկ Բողոքի գիրք ունենք»,- մեջբերում է տիկին Արմինեն: Շատերի համար այս անծանոթ երևույթը, ծանոթ կլինի ու նոստալգիկ ժպիտ կառաջացնի Խորհրդային տարիներին ապրած մարդկանց մոտ: Իհարկե գիրքը թերթելուց հետո կարող ենք փաստել, որ բողոքի գիրք արտահայտությունը այստեղ չի համապատասխանում իրականությանը. այնտեղ միայն հյուրերի դրական կարծիք-վերաբերմունք էր արտահայտված:
Կարճ ասած, այստեղ ամեն մանրուք մտածված է` այցելուի քիմքին վայել, տրամադրությանը համահունչ ու գրպանին հարմար միջավայր ստեղծելու համար: