Search
Close this search box.

Զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Հադրութի, Ֆիզուլու և Ջաբրայիլի ուղղություններում հունվարի 16-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով` որոնողափրկարարական աշխատանքները այսօր կշարունակվեն Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի, Կուբաթլուի տարածքներում։ «Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է երեք ջոկատ, յուրաքանչյուրում` ավելի քան 20 մարդ։ Աշխատանքներին միացել են ինչպես ծնողները, այնպես էլ կամավորներ»,–նշեց Թադևոսյանը։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 1235 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ։