Search
Close this search box.

Եթե հանկարծ պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մեր տեղը խրամատներում է լինելու. Տավուշի թեմի առաջնորդ

«Ես բոլորի նման համացանցից և մամուլից եմ տեղեկացել այն լուրերին, թե Տավուշի մարզից առաջիկայում նույնպես տարածքներ պետք է հանձնվեն: Այդ լուրերն, արդեն իսկ, պաշտոնապես հերքվել են մարզպետի կողմից, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դրանք կառավարական ամենաբարձր մակարդակով նույնպես չեն հերքվում, որովհետև հասկանում եմ, որ այսպիսի պարագայում միայն մարզպետը չէ, որ պետք է հերքում տարածի: Իշխանությունների կողմից որևէ տեսակի անդրադարձ խնդրի վերաբերյալ, կարծես թե չկա, և ես հասկանում եմ, որ հարցի վերաբերյալ տարընթերցումները, տարաձայնությունները կամ անհանգստությունները, հավանաբար, հենց այստեղից են ծնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Տավուխի բնակիչներից, ինչպես նաեւ իրազեկ անձանցից ահազանգեր են ստացվել առ այն, որ Տավուշի մարզի՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին վարչական տարածքներում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիր վտանգված է: Ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կարող են անցնել նաև մարզում գտնվող կարևոր նշանակության մի շարք ենթակառուցվածքներ նույնպես:

Մարզի հոգևոր առաջնորդը նկատում է՝ այս պահին մարզում որևէ նման շարժ իրենք չենք արձանագրել և չեն տեսնում. «Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք գյուղապետերի հետ, խոսում ենք, փոխանակվում մեր ունեցած տեղեկություններով նաև մարզպետի, մարզում տեղակայված զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Հենց այսօր ես եղել եմ Կիրանց գյուղում, հանդիպել և զրուցել եմ բնակիչների հետ: Նորից եմ կրկնում՝ այս պահին նման շարժ չկա, բայց այսօր էլ ասել եմ՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, նման բան տեղի ունենա, ու պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մենք հստակ գիտենք, որ մեր տեղը խրամատներում է լինելու», -ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: