Search
Close this search box.

Պարզաբանում՝ ՀՀ քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմի մասին

ՀՀ քաղաքացիների` Ադրբեջան առանց վիզայի այցելելու ռեժիմը ամրագրված է 1992-ին ԱՊՀ երկրների համաձայնագրով. այն de facto չի գործում
Այսօր մամուլում «ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած ցանկը» վերտառությամբ հրապարակում հայտնվեց, որը կարճ ժամանակ անց սոցցանցերում տարատեսակ շահարկումների տեղիք տվեց։

Նյութը, իրականում, դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարության կողմից թարմացված այն երկրների ցանկի մասին էր, որոնց դեպքում փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հրապարակաված ցանկը նոր չէ, այն ավելի քան 20 տարի հասանելի է ՀՀ ԱԳՆ կայքում։

Համաձայն 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկ քաղաքում կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների վիզաների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի, փոխադարձության սկզբունքով, սահմանվել է այն երկրների ցանկը, որտեղ մեր քաղաքացիները իրավական հիմքերով կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի ու հակառակը։ Ադրբեջանի դեպքում կա հատուկ իրավիճակ՝ երկու երկրների միջև չկան ո՛չ բնականոն, ո՛չ դիվանագիտական հարաբերություններ, ընդհակառակը՝ կա հակամարտային իրավիաճակ։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն