Search
Close this search box.

Սենսացիոն տեղեկություն ՄԻԵԴ-ից․ Բաքուն բերեց ռուսական փաստարկները

Ադրբեջանական կողմը Հադրութի Խծաբերդ գյուղից գերեվարված զինծառայողներին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Խոսքը դեկտենբերի 12-15-ին հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի դիրքերի ուղղությամբ հարձակման ու ավելի քան 60 հայ զինծառայողների գերեվարման մասին է։

«ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացում Ադրբեջանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել, որ Խծաբերդի դեպքերով իրականացրել է հակաահաբեկչական օպերացիա և զարմանալիորեն Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը հակադրել է ռուսական և ադրբեջանական դիրքորոշումները։ Իրենց պնդումներով՝ հնարավորություն է տրվել այնտեղ գտնվող զինծառայողներին լքել վայրը, սակայն վերջիններս ընդդիմացել են, չեն լքել, կատարել են հարձակում, որի արդյունքում կան զոհեր ադրբեջանական կողմից», ասել է նա։

Խծաբերդի ու Հին Թաղերի իրադարձություններին անդրադարձել ենք բազմիցս․ ռուս խաղաղապահներն այնտեղ են հայտնվել միայն ռազմական գործողությունների ժամանակ, թեեւ պետք է այնտեղ լինեին ավելի վաղ։ Հետո կասկածելի պայմաններում հայ զինծառայողները զինաթափվել են, նրանց մի մասը դուրս է բերվել, մյուս մասը գերեվարվել։ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ նման միջադեպերը գլխացավանք են ռուս խաղաղապահների համար։ Իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները ցույց էին տալիս, որ այդ գյուղերի հանձնումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ, թեեւ դա եռակողմ հայտարարության առաջին կետի խախտում էր։

Եվ ահա, պարզվում է՝ ՄԻԵԴ-ում Բաքուն որպես հակափաստարկ բերել է ոչ միայն իր փաստարկները, այլեւ ռուսական կողմի հավաստիացումը, որ հայ զինծառայողները ոչ թե գերիներ են, այլ ահաբեկիչներ։

Ռուսաստանի համար ավելի ու ավելի դժվար է դառնում պահել միջնորդի իր քաղաքական դիրքավորումը, եւ ավելի ու ավելի է բացահայտվում պատերազմի կողմ լինելու հանգամանքը՝ թուրքերի հետ համաձայնություններով։ Բաքվի այս «բացահայտումը» պատահական չէ՝ անորոշ ու պայթյունավտանգ իրավիճակում Բաքուն փորձում է Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հանցագործությունների հնարավոր միջազգային մեղադրանքները «կիսել» հակահայ եռակողմ հայտարարության հեղինակի հետ։ Առավել եւս այն պայմաններում, երբ հնարավոր է Արեւմուտքի միջամտությունը Արցախի խնդրին՝ կարգավիճակի, դեօկուպացիայի եւ պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցերով։

Նյութի աբյուր՝ lragir.am