Search
Close this search box.

«Թուրքն ու ռուսը քարտեզներով եկան, GPS-ով տարածքները նայեցին՝ թույլ չեն տվել ներկա լինեմ». Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում բազմաթիվ համայնքներում տների մեծ մասը մնալու է այդ հանձնած տարածքներում։

Շուռնուխում նույնպես որոշ տներ գտնվում են թշնամու նշած «կասկածելի տարածքում»։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ գյուղի ճանապարհի տակի հատվածում 12 տուն կա, որոնք թշնամուն ճանապարհ տալու դեպքում՝ մնալու են նրա տարածքում։

«Այսօր թուրքն ու ռուսը եկան, իրենց քարտեզներով, GPS-ով տարածքները նայեցին ու հեռացան։ Չեն ասել՝ տները, գյուղն ազատեք։ Այսինքն՝ նրանք ճշտումներ են արել, ես չեմ մասնակցել դրան, ներկա չեմ եղել, թույլ չեն տվել ներկա լինեմ։ Մեր սահմանապահներին հարցրեցի, ասացին, որ ԱԱԾ-ից են ներկայացուցիչներ լինելու, ռուսը ու թուրքը»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Ըստ նրա, ռուսներն ասել են, որ գյուղն ամբողջովին մնալու է։

«Դեռ չգիտեմ էլ, գուցե գյուղը մե՞զ մնա, գուցե մեր վարչապետն ամեն ինչի դիմում է, որ պահի ամեն ինչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ վարչապետն ամեն ինչ անում է, որպեսզի գյուղը պահի, Հակոբ Արշակյանը ծիծաղեց. «Դե հավատալը ո՞րն է, շատ զվարճալի բաներ եք ասում։ Մեր զենքը մեր ձեռքում է, դրանից բացի՝ Գորիսի ջոկատի տղերքը նույնպես այստեղ են, կան նաև ջոկատներ ՀՀ տարբեր շրջաններից, տարբեր ջոկատներ ասել են, որ հարկ եղած դեպքում մեզ հետ են, եթե խնդիր լինի՝ կգա, ես այդ տղաներին հավատում եմ»։

168 ժամ