Search
Close this search box.

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի մարմին

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված մարմին, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձինք: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

«Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի եւ լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց եւ Սզնեք համայնքների, ինչպես նաեւ հարավային թեւի՝ Ջաբրայիլի եւ Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի աճյուն»,- ասաց Հունան Թադեւոսյանը՝ տեղեկացնելով, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ «Այդ աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- ասաց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը։