Search
Close this search box.

Կրկին զինծառայողների մարմիններ են հայտնաբերվել

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին: Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ»,-մանրամասնել է Թադևոսյանը: