Search
Close this search box.

Մենք նոր տարի չենք նշելու. տանս կլինեն զոհված տղերքի նկարներ. Արմեն Աշոտյան

Մենք նոր տարի չենք նշելու։
Օրացույցը կապ չունի։ Մեր տանը մշտապես պատրաստ ենք հյուրընկալել մեր հարազատներին, սանիկներին եւ ընկերներին։
Սովորաբար տոնական, իսկ այս անգամ՝ խորհելու օրերին մեր տանը լինելու է սովորական ուտելիք եւ խմելու բան՝ ինչ կա։
Ինչ կլինի այդ օրը, դա էլ հյուրասիրելու ենք։

Երեխեքս մեծ են, մեզ հետ միասին են նույնանման ապրումների մեջ։ Այս տարի նաեւ պապի ենք կորցրել… Ուստի տոնական զարդարանք էլ չենք ունենալու։
Շնորհավորանքներ ընդունելու եմ, քանզի պարտադրված լավատես եմ, պատասխանատու՝ կենսունակ: Պարտավոր եմ այդպիսին լինել… Ուզում եմ ապրել ու արարել ընտանիքիս եւ ժողովրդիս հետ միասին։
Բայց ռաբիզ, ջինգլ-բելս ոճի հիմար ամհոգության սպառողական ու միջին վիճակագրության տմարդի երջանկություն ինձ չուղարկել։
Տանս կլինեն զոհված տղերքի նկարներ… Չեմ կարող հանգիստ ու անհոգ լինել։ Երեխայի պես հուզական եմ դարձել այս պատերազմին… Ու լուսահոգի պապերիս պես՝ քֆուրչի։

Նվերներ չենք տալու եւ չենք ընդունելու, երեւի բացի երեխեքից։
Ինչ նախատեսել եք դուք ու նախատեսել եմ ես՝ դեկտեմբերի վերջ եկեք փոխանցենք Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ։
Եկել են ծանր ժամանակներ…

Մենք մեղավոր չենք, որ ապրում ենք…
Մեղավոր կդառնանք՝ եթե այսքանից հետո չապրեցնենք պետությունը։
Ուզում եմ, որ ժլատ լինենք խոսքերի, եւ առատ՝ գործերի մեջ։ Գծուծ՝ անձնապես սպառելու եւ առատաձեռն՝ հանրային բարիք ստեղծելու մեջ։
Նոր տարի չեմ նշում։ Փնտրելու եմ ինձ եւ մեր ապագան։

Արմեն Աշոտյան