Search
Close this search box.

Տարօրինակ իրավիճակ ռուս խաղաղապահների շուրջ. աղմկոտ բացահայտում

«Մինչև հիմա անհասկանալի է, թե հայ զինվորականների վերջին խումբը, որ գերի ընկավ, ինչու հանձնվեցին։ Ինչպե՞ս կարող է զինված անձն ուղղակի հանձնվել։ Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչն է ստիպել նրանց չպայքարել», ասում է անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում տեղի ունեցածի կապակցությամբ: Երեկ հայ զինծառայողները, ըստ ՀՀ ՊՆ-ի, ռուս խաղաղապահների միջամտությամբ դուրս են եկել շրջափակումից, սակայն դեռ 7 տասնյակ հայ զինծառայողների ճակատագիրն անհայտ է:

Այդ գյուղերում հայկական ուժերը մարտի են բռնվել մինչեւ ռուս խաղաղապահների ժամանումը, որից հետո դրանք հանձնվել են, թեեւ ըստ եռակողմ հայտարարության՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են եղել: Հին Թաղերի գյուղապետն ասում է, որ «մենք 44 օր պահել ենք, կռվել ենք, մի քանի անգամ հարձակվել են այդ տարածքների վրա, վիրավորներ ենք տվել։ …Ռուս խաղաղապահները գնացել են, իրենց ձեռքով մեր պահած գյուղը հանձնել են թուրքերին»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե իրենք՝ ռուս խաղաղապահներն էլ են հայտնվել շրջափակման մեջ: Սակայն ՌԴ ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը, որն իսկապես զավեշտալի էր, եւ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ էր այդ մասին խոսել Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, ռուս խաղաղապահների առնչությամբ երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հադրութի երկու գյուղերում օրերս մարտ է եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, հետո ռուս խաղաղապահները գնացել են դեպքի վայր։ «Ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով»։

Տարօրինակ բացատրություն է: Արմեն Մանվելյանն ասում է, թե «չեմ կարծում, որ ռուսները կմտնեն ռազմական բախման մեջ։ Փորձում են բանակցությունների միջոցով հարցը լուծել, բայց եթե բանակցություններով հարցը չի լուծվում, իր զորքերը հետ է քաշում», եւ այս պարագայում հայկական բնակավայրերը պետք է պաշտպանեն հայկական ստորաբաժանումները:

Ստացվում է, որ նրանք կամ այնպես են տեղակայվում, որ կաշկանդում են հայկական կողմի մարտական գործողությունները, կամ կա ինչ որ գաղտնի պայմանավորվածություն, որն էլ կատարում է հայկական կողմը:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ տարօրինակ հայտարարություն էլ է արել ռուս խաղաղապահների կապակցությամբ: Նա ասել է, որ Արցախում որոշ բնակավայրերում Ադրբեջանի կողմից տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևավորելու համար։ «Համենայնդեպս կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել։ Եվ այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում», ասել է նա, ավելացնելով, թե հայկական կողմը պատասխանատվությունից չի խուսափում։

Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ից չեն հերքել: Վարչապետի խոսքից պարզվում է, որ եռակողմ հայտարարությունից բացի կա առնվազն մեկ այլ փաստաթուղթ՝ խաղաղապահների մանդատի վերաբերյալ, որը Բաքուն չի ստորագրել: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղը հռչակելով Ադրբեջանի տարածք, ռուսներն այնտեղ կարող էին մուտք գործել Բաքվի համաձայնության պարագայում: Եթե չկա նման փաստաթուղթ, նշանակում է թե Բաքուն, թե Մոսկվան ազատ են իրենց գործողությունների եւ պատասխանատվության հարցում: Դա փոխադարձ բանավոր պայմանավորվածությա՞մբ է կատարվել, որն ըստ էության բխում է եռակողմ հայտարարության բնույթից, որն իրականում Հայաստանի դեմ ուղղված միակողմանի պարտավորություններով ռուս-թուրքական համաձայնություն է: Թե՞ ինչպես պնդում է վարչապետը՝ Բաքուն չի ստորագրել ռուս խաղաղապահներին Ղարաբաղից հեռացնելու օրակարգ ձեւավորելու համար: Համենայնդեպս, Հադրութի բնագծերից հայկական նահանջն ու հայերի գերեվարման շարունակվող պրակտիկան բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Կա՞ն այլ փաստաթղթեր եւս, եռակողմ հայտարարությունից բացի, որոնք, կարող է պարզվել:
lragir.am