Search
Close this search box.

Նոր որոշում. Պատերազմի ժամանակ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները 6 ամիս լրացուցիչ 200 հազար դրամ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։

Սահմանվեց, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։

Ընդ որում, որպեսզի անձը դառնա Հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։

Հարկ է նկատի ունենալ, որ սահմանված ընթացակարգերի համաձայն՝ վերը նշված պատճառական կապը որոշելը պահանջում է որոշակի ժամանակահատված։ Ըստ այդմ, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 14.06.2018թ. թիվ 3 որոշմամբ սահմանվել է ընթացակարգ, որի հիման վրա, մինչև վերը նշված պատճառական կապը որոշելը, անձին կարող է Հիմնադրամից վճարվել ամսական 100 000 դրամ գումար 6 ամիս ժամկետով։

Այս միջոցառման շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում ծառայողը, ում վրա տարածվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի դրույթները, այսինքն, այն զինծառայողը, ում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի համաձայն վճարվում է ամսական 100 000 դրամ։

Միջոցառման շրջանակներում տրվող աջակցության գումարը կազմում է 200 000 դրամ, որը տրվում է ի լրումն հիմնադրամի կողմից վճարվող 100 000 դրամի։

Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքովվնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև Հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով (կկազմի 300 000 դրամ)։