Search
Close this search box.

«Սանիթեքը» միջազգային դատարանում Հայաստանի կառավարությունից միլիոնավոր դոլարներ կպահանջի

«Սանիթեք» ընկերությունը ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` ICSID դատարան` ընկերության ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ։ Այս մասին գրված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ընկերությունում նշում են, որ Հայաստանի իրավապահ համակարգի և Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների հետևանքով «Սանիթեքը» սնանկացել է։

«Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի դեմ, ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ և այլն: Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել», – գրված է հաղորդագրությունում։

Կազմակերպության հաղորդագրությունում գրված է, որ քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեքի» նկատմամբ, իրականացրել է «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը և «Սանիթեքի» գույքը քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։

«Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի` ունեզրկման: Այս գործողությունների հետևանքով «Սանիթեքը» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման», – գրված է հաղորդագրությունում։

«Սանիթեքը» բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացել։

«Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:

Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեքին» որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` 2019-ի հոկտեմբերի 3–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Քաղաքապետը նշել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։ «Սանիթեք» ընկերությունն իր հերթին հոկտեմբերի 10–ին հայտարարել էր, որ դիմելու է Արբիտրաժային դատարան, որովհետև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները «Սանիթեքի» նկատմամբ խտրական են և պատժիչ, ինչպես նաև նպատակ ունեն օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի և բռնագանձել վերջինիս ակտիվները: