Search
Close this search box.

Շրջափակման մեջ ենք հայտնվել, ով հասցրել է փրկվել է, ով չի հասցրել, չի կարողացել փրկվի, կամ գերի է ընկել, կամ փախել. Զորամասի հրամանատարը մանրամասներ է հայտնում

Էջմիածնում անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին զորամասի մոտ են: Նրանց հետ զրուցում է զորամասի հրամանատարը:

Վերջինս լրագրողներին ասաց, որ մինչև վերջին պահը եղել է իր զինվորականների հետ, շրջափակման մեջ են ընկել, երկու օր հետո 22 զինծառայողների հետ կարողացել են դուրս գալ: Մարտը հանկարծակի է սկսվել, ով հասցրել է փրկվել է, ով չի հասցրել, չի կարողացել փրկվի, կամ գերի է ընկել, կամ փախել. «Փախուստ է եղել, շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսվել»:

Դա եղել է Զանգելանի դիմաց:

Զորամասի հրամանատարն ասաց, որ այսօր գնում է Կապան: Կարմիր խաչը երեկվանից աշխատանքներ է իրականացնում Զանգելանում. «Հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի որոնողական աշխատանքներ իրականացնեն բոլոր տեղերում: Ես մեկնում եմ այնտեղ, որպեսզի մասնակցեմ որոնողական աշխատանքներին, եթե թույլ տան»:

Հրամանատարը վստահեցրեց, որ անհետ կորածներից ոմանք գերի են ընկել:

Հրամանատարը հավաստիացրեց նաև, որ թշնամական կողմի հետ բանակցությունները մշտապես ընթացել են, սակայն միայն հիմա է Ադրբեջանը համաձայնություն տվել: