Search
Close this search box.

Երևանի փոխքաղաքապետը հեռացավ՝ հանրակրթությունից ոչինչ չհասկացած. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին:

Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ պաշտոնից». այս խոսքերի հեղինակը ոչ թե Աջափնյակ համայնքի հեռավոր շենքերից մեկի համատիրության՝ ԺԵԿ-ի նախագահը կամ փոխնախագահն է գրել, այլ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Ընդ որում, Երևանում «հյուրախաղերի» եկած Տիգրան Վիրաբյանը գյումրեցի է, որը ցույց տվեց, որ իր համար ո՛չ մայրաքաղաքը, ո՛չ առավել ևս քաղաքի հանրակրթությունը հետաքրքիր չեն։ Նա ավելի շատ պրոդյուսեր մնաց, քան դարձավ համայնքային ծառայող, այդպես էլ Երևանը չընկալեց ու չնվիրվեց։

Ու ոլորտի շատ մասնագետներ հիմա ուրախ են, որ Վիրաբյանի հետ այլևս ստիպված չեն լինելու առնչվել, քանզի նա, բացի միջին որակի կարճամետրաժ հոլովակ նկարահանելուց ու իրեն անհրաժեշտ «պետքական» մարդկանց հետ մտերմություն անելուց, իրականում որևէ քայլ չի արել հանուն մայրաքաղաքի, առավել ևս կրթությունից նա կիլոմետրերով հեռու էր։

Պարզապես «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆոնդից ֆինանսավորվելով՝ կոնկրետ գործարարի շահեր էր սպասարկում մայրաքաղաքում ու այդ ընթացքում էլ կարողացավ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ հարաբերություններ կառուցել, որ հենց սկսեց քաղաքապետ Մարությանի դիրքերը երերալ, ճողոպրեց Հանրային հեռուստաընկերություն։ Սպասենք Հանրայինի ձախողումների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: