Search
Close this search box.

Բերձորցիների բաց նամակը կառավարությանը

Բերձորցիները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը.

«Հարգարժան կառավարություն.

Հարգարժան նախարարություն.

Այս դժնի ու անհույս օրերին, հասկանալով ՀՀ-ում եւ ԱՀ-ում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, չկարողացանք զսպել մեր զարմանքը` ծանոթանալով ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ եւ 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներով սահմանված` Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառմանը, ավելի ճիշտ, որոշման ՑԱՆԿԻՆ, որով սահմանվում են բնակավայրերը, որոնց բնակիչները կարող են օգտվել աջակցության ծրագրից:

Այսպիսով, նշված ցանկից բացակայում է Բերձորը: Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել: Այսինքն, եթե կա կառավարության որոշում, որով սահմանված միջոցառման նպատակն է.

1.Միջոցառման նպատակը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետեւանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումն է:

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ կառավարության որոշման ցանկում Բերձորի չընդգրկվելը կարող է ունենալ միայն ու միայն ներքոնշյալ պատճառներից որեւէ մեկը.

ա)բերձորցիներին Արցախի քաղաքացի չեք համարում,

բ)բերձորցիները չեն տեղահանվել,

գ)բերձորցիները տեղահանվել են, բայց ո՛չ պատերազմի հետեւանքով:

Այսպիսով, քանի որ վերոնշյալ պատճառներից ոչ մեկը ճշմարիտ չէ, մնում է ենթադրել, հարգարժան բարձրաստիճան տիկնայք եւ պարոնայք, որ դուք որոշել եք ընդամենը խնայողություն կատարել բերձորցիների հաշվին` հօգուտ որոշ (հասարակությանը ոչ անհայտ) ֆոնդերի: Ցավալի է, շատ ցավալի, որ հաշվի չեք առել անգամ այն հանգամանքը, որ բզկտված, վերահառնած, ապա նորից բզկտված Բերձորը ողջ Հայաստանից հետ չի մնացել պատերազմին իր մասնակցությամբ: Ավելին, պատերազմի առաջին իսկ օրից Բերձորի որդիները եղել են ճակատի առաջնագծում:

Եվ հիմա, ի՞նչն է պատճառը, որ դուք հանրային դժգոհության նման իրավիճակում ձեր դեմ եք տրամադրում հարյուրավոր բերձորցիների, որոնք տարիներ շարունակ եղել են մեր պետության օրինապահ քաղաքացիներ եւ կատարել են իրենց պարտքը պետության հանդեպ:

Մեծարգո պարոնայք.

Հարգեք խնդրում ենք մեր կարգավիճակը, տուն-տեղից զրկված եւ լուրջ դժվարությունների առաջ կանգնած մարդկանց մի առանձնացրեք, մի զրկեք աջակցությունից: Վերանայեք ձեր որոշումը»: