Search
Close this search box.

Սոթքի հանքն այժմ մասնակի է աշխատում. Համայնքապետ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել։ Տեսանյութում երևում է՝ հանքի շինության վրա ադրբեջանական դրոշ է դրված։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը նշեց, որ այն տարածքը, որն անցել է թշնամուն, այժմ նրանց վերահսկողության տակ է և նրանց դրոշն էլ դրված է։ Համայնքապետը նշեց, որ հանքն այժմ մասնակի է աշխատում. «Հանքն ամբողջությամբ չի աշխատում։ Մեր տարածքում որ մասը մնացել է, այդտեղ փոքր չափով աշխատանքներ են անում։ Աշխատողներն աշխատանքի գնում են, բայց թե կոնկրետ ինչ են անում, չեմ կարող ասել»,-ասաց Հակոբ Ավետյանը։

Հարցին՝ թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքում մնացե՞լ է տեխնիկա, համայնքապետն ասաց.«Մյուս կողմում տեխնիկաներ կան, բայց քանի որ դրանք ռուսական տեխնիկաներ են, խնդիր չի առաջանա»։

Անդրադառնալով հարցին՝ հանքի քա՞նի աշխատակից չի գնում աշխատանքի և կորցրել է աշխատանքը, Հակոբ Ավետյանը նկատեց՝ այժմ անորոշ վիճակ է, և տնօրինությունն էլ չգիտի՝ ինչ պետք է լինի. «Դեռ բանակցությունների փուլում է։ Հստակ չգիտեմ՝ այնտեղ հիմա ինչ է արվում։ Կան տարբերակներ. Հնարավոր է՝ ինչ-որ պայմանավորվածություններ լինեն և հանքն ամբողջությամբ աշխատի։ Այդ տարբերակն էլ է քննարկվում։ Ես էլ այդքան հավանական չեմ համարում դա, բայց անհավանական բան չկա»,-ասաց Հակոբ Ավետյանը։