Search
Close this search box.

Աղավնոյի գյուղապետը մանրամասներ է ներկայացնում համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղական համայնքում այս պահի դրությամբ շարունակում է բնակվել 9 ընտանիք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Հարազատ գյուղում ապրելու և այն հայկական պահելու մեր դիրքորոշումը չի փոխվել: Շարունակելու ենք ապրել այստեղ: Խաղաղապահները իրենց գործն են անում, իսկ մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր ընտանիքների անվտանգությունն ու գյուղը: Այստեղ մնացած տղամարդիկ շարունակում են հերթապահել գյուղի շրջակայքում: Գյուղապետարանի տանիքին շարունակում է ծածանվել մեր դրոշը և այլ դրոշ չենք ուզում տեսնել այնտեղ: Պայմանագրով խաղաղապահները պիտի ապահովեն միջանցքի անվտանգությունը: Նրանք իրենց գործն են անելու, իսկ մենք այստեղ ապրելու և մեր անվտանգությունը պաշտպանելու իրավունք ունենք: Պատրաստ ենք նույնիսկ կյանքի գնով պաշտպանել մեր իրավունքները: Այստեղից մենք պաշտպանում ենք նաև Ստեփանակերտն ու ամբողջ հայության իրավունքները: Կցանկանայինք, որպեսզի պատկան մարմինների կողմից հստակ պարզաբանումներ լինեին. մեզ ասում են՝ գյուղը հայկական է մնալու, սակայն տարհանման համար վառելանյութ ու ավտոբուսներ են տրամադրում», -ասաց Աղավնո համայնքի ղեկավարը:

Նրա հաղորդմամբ՝ շուրջ երեք օր է գյուղը հոսանքազրկված է, չեն գործում արցախյան կապի միջոցները, իսկ Աղավնոյում ապրող ընտանիքներին սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկում են ընկերներն ու բարեկամները: