Search
Close this search box.

Դադիվանքի վանահայրը` Դադիվանք վերադառնալու մասին

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վանահայր Տեր Հովհաննեսն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների պատճառով է եկել այստեղ։

«Նախկինում ես այս եկեղեցում ծառայել եմ, ամենաշատը մեկ ամիս այստեղ կլինեմ, դրանից հետո վերադառնալու եմ Դադիվանք։ Հենց կազդուրվեմ, անմիջապես վերադառնալու եմ այնտեղ»,- նշեց նա։

Այժմ Դադիվանքում Տեր հորը փոխարինում են։ Վանահայրն ընդգծեց, որ չի կարող ասել, քե քանի հոգի այնտեղ կա, սակայն վստահեցրեց՝ բազմաթիվ հոգեւորականներ կան։

«Այստեղ ինձ շատ սիրալիր ընդունեցին, ժողովուրդն ինձ ճանաչում է, շատ ուրախացան, բայց ես չեմ պատրաստվում այստեղ մնալ, ես պիտի գնամ Դադիվանք, ես ծառայում եմ Արցախի թեմում։ Արձակուրդ ձեւակերպեցին, որպեսզի կարողանամ գալ, առողջական խնդիրներս լուծեմ: Կկազդուրվեմ ու կգնամ, որովհետեւ ես երկու ամիս օր ու գիշեր պահում էի Դադիվանքը՝ տղաների հետ միասին»,- հավելեց Դադիվանքի վանահայրը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձներ Քելբաջարի շրջանը, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով հանձնումը 10 օր հետաձգվել էր։ Նոյեմբերի 11-ին, Տեր Հովհանեսն ասել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն եւ ասել՝ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»։

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես. Aysor.am