Search
Close this search box.

Արտյոմը հերոսաբար զոհվեց՝ իր հայրիկի ձեռքերի մեջ… իր չապրած գարունները նվիրեց Հայրենիքին

Արտյոմ Միքայելյան
Մեր օրերի հերոս…

Մարդ, որ իր 23 տարեկան հասակում մասնակցել է երկու պատերազմի՝ Ապրիլյան և Արցախյան հայրենական պատերազմի: Արտյոմը 2016 թվականին մասնակցել էր ապրիլյան պատերազմին, քաջաբար պաշտպանելով Թալիշի դիրքերը, պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները և վերդարձել էր տուն` արդեն իսկ հերոսացած: Չկար մարդ, որ իրեն չսիրեր: Նա իր լավատեսությամբ, բարությամբ ու հումորներով վարակում էր բոլորին:

Արցախյան հայրենական պատերազմի սկսելու առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արտյոմը իր ընկերոջ հետ շտապել է առաջնագիծ: «Գնում եմ կանգնեմ զինվորների կողքին, ինչպես իմ կողքին կանգնեցին կամավորները: Մենք պետք է այնտեղ լինենք, որ զինվորը իրենց ավելի ուժեղ զգան»,- Արտյոմի խոսքերն են։

Արտյոմի մեծ սրտում շատ մեծ տեղ էր զբաղեցնում հայրենիքը, դա էր պատճառը, որ Հայրնիքի կանչը հենց պատերազմի առաջին օրը Արտյոմին տարավ առաջնագիծ։ Տան անդամների հետ խոսելիս, միշտ հանգստացնում էր թե ամեն ինչ լավ է. «Դուք հանգիստ եղե՛ք… Ես ասել եմ չէ, որ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՍ միշտ հետս ա… »:

Նա անգամ վերջին վայրկյաններին փորձել է հնարավոր ամեն ձևով փրկել ընկերների կյանքը և ցավոք Արտյոմը հերոսաբար զոհվեց՝ իր հայրիկի ձեռքերի մեջ: Արտյոմը առաջնագծում էր հայրիկի հետ միասին։ Շատ բարի, հոգատար ու նվիրված։ Այնքան մեծ սիրտ ուներ Արտյոմը, որ առաջին իսկ օրերին իր զինվորական կոշիկները տվել էր զինծառայողներից մեկին և խնդրել իրեն հաճախ հիշեցնել, թե քանի օր է մնացել զինվորական պարտքը կատարելուն…

Երբ ծառայակից ընկերները վերադարձան ու Արտյոմի մասին պատմում էին տան անդամներին, նրան նկարագրելիս ասացին. «Պատերազմը Արտյոմն էր: Ի՞նչ եք հասկանում պատերազմ բառը լսելիս… Պատերազմը ինքն էր, պայքարը ինքն էր, նվիրվածությունը ինքն էր, ընկերասիրությունը ինքն էր… Ինքը «փոքր» Մոնթեն էր… ՄԵԾ ՍՐՏՈՎ ԸՆԿԵՐ, ՄԱՐԴ, ԶԻՆՎՈՐ»։

«Գնացել է կռվի դաշտ գիտակցաբար` հենց առաջին օրվանից։ Ես կորցրել եմ ամենաթանկ մարդուն…Ուզում եմ մարդիկ ճանաչեն իմ հերոսին, տեսնեն իր ուժը, որովհետև ցավը շա՜տ մեծ է, իսկ ես իր մասին չխոսել չեմ կարող…»,- Ասում է հերոսի քույրը։ Հոկտեմբերի 28-ին, Արցախի սահմանները պաշտպանելիս Արտյոմը միացավ մեր հրեշտակների ջոկատին։ Նա զոհվեց ու Հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները…Իր չապրած գարուննե՜րը նվիրեց Հայրենիքին։

Ճանաչենք մեր հերոսներին,հիշե՜նք,մ եծարե՜նք և լինենք արժանի …