Search
Close this search box.

11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա․ այսօր հերոսաբար զոհված, կարատեի Հայաստանի չեմպիոն Ռաֆիկի ծննդյան օրն է

Այսօր 2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ռաֆիկ Սիմոնյանի ծննդյան օրն է։ Ռաֆիկը այսօր կդառնար 26 տարեկան։ Պատերազմի երկրորդ օրը նա կամավոր գնացել է կռվի դաշտ։ Ռաֆիկը բնակվում էր Մասիսում, կարատեի Հայաստանի չեմպիոն էր։

«Սկզբում եղել է Սիսիանի շրջանում, ապա տարել են Ջաբրայիլ, հետո էլ Մարտունի։ Հենց Մարտունիում էլ, ցավոք, հերոսաբար զոհվել է»,-այս մասին ArmLur.am—ի հետ զրույցում պատմեց Ռաֆիկի եղբայրը՝ Վահե Սիմոնյանը։ Հերոս Ռաֆիկը 41 օր անդադար կռվել է առանց տրտնջալու՝ անսալով մի քիչ հանգստանալու բոլոր հորդորները։

«Գնալուց առաջ ասել է, որ պարտավոր ենք գնանք, պիտի մեր հայրենիքը պահենք։ Շատ լավ տրամադրությամբ գնացել է, 5 շաբաթից ավել չիջավ պոստերից։ Ցավոք, 42-րդ օրը զոհվեց»,-ասաց եղբայրը։

Ռաֆիկը զոհվել է նոյեմբերի 7-ին, 11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա, 3-ը զոհվել են, մնացածը՝ վնասվածքներ ստացել։
Եղբայրը նաև պատմեց, որ Ռաֆիկի հետ տանեցիները վերջին անգամ խոսել են նրա զոհվելուց 1 ժամ առաջ։