Search
Close this search box.

Լուրեր կան , որ, Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝

— ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,

— ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,

— ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,

— ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։«Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։

Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։

Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։

Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝

— Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից:

— Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված:

Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները):

Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։