Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը Էջմիածնում

Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունենում ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

Նա վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան: Փաստաբանը հայտնել էր, որ թեեւ վիճակը որոշ ժամանակ բարելավվել էր, բայց եռակողմ հայտնի հայտարարությունից հետո վատթարացել էր:

Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:

Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը:

Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: