Search
Close this search box.

Վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումն ու կամավորականներին ուղարկել առաջնագիծ. Մովսես Հակոբյանն ասաց, որ ձայնագրություն կա

Պատերազմի ժամանակ ու խաղաղ պայմաններում մեր Զինված ուժերի քանակը տարբեր են: Մենք պատերազմը վարում ենք նաև լրահամալրում ու զորահամալրում իրականացնելով: Լրահամալրումն այսօր առկա զորամասերի թափուր պաշտոնների համալրումն է, որի համար ներդաշնակման ժամանակ պետք չէ, առաջին օրից գալիս են ու կարող են մտնել պատերազմի մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Մովսես Հակոբյանը:

Ինչ վերաբերում է զորահամալրմանը, Հակոբյանը նշեց, որ այստեղ ժամանակ է պահանջվում ներդաշնակվելու համար, գումարտակների համար՝ մինչև 5 օր, գնդերի համար՝ 7 օր, որպեսզի մարդիկ իրար ճանաչեն. «Մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, ՊՆ նախարարը, զինկոմիսարիատն ու Տարածքային կառավարման նախարարը:

Ամսի 30-ի դրությամբ Արցախում համալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանում՝ 52 տոկոս: Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել՝ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Սա ամենաբարդ գործընթացն է, որի համար բոլորի ջանքերն են պետք: Պետք է ազնիվ լինել ու ասել, որ քաղաքական իշխանությունից զատ սխալներ ունեն նաև զինվորականները՝ մի մասն օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ:

Օբյեկտիվն այն է, որ որտեղ պետք է կատարվեր լրահամալրում, հակառակորդն իրականացրել է լուրջ հրետանակոծություն, ԱԹՍ-ները չեն թույլատրել ամբողջությամբ բացազատվել: Այստեղ հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեն, կետերն ու համալրման ձևերը փոխվեն»:

«Երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումն ու կամավորականներին ուղարկել առաջնագիծ, ինչը սխալ է: Դա եղել է պատերազմի երրորդ օրը:

Պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար, պատասխան են տալու: Նրանք գիտեն այդ մասին, դրա համար խոսակցությունը ձայնագրել են:

Արդյունքում մենք ունեցել ենք այն, որ գալիս են կամավորական ջոկատներ, փայլուն տղերք, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեն, զորամասում ևս նրանց համար հանդերձանք ու սպառազինություն չի լինում: Գալիս են երկրի նախագահի մոտ ու ասում, որ կամավորականներ են, պատմում իրենց հայրենասիրության մասին, նախագահը նրանց ուղարկում է ՊԲ ղեկավարի մոտ, նույնն անում են այնտեղ:

Բանակի հրամանատարը պետք է մտածի որտեղ ինչ հանի բերի նրանց սպառազինի ու ուղարկի: Ինչ-որ ձևով հարցը լուծում է, հետո ջոկատների մի մասին ուղարկում ինչ-որ տեղ, սակայն ջոկատներն ասում են, որ ուրիշ տեղ են ուզում գնան կռվել, օրինակ Ասկերան: Նրանց ասում են, որ Ասկերան զորք պետք չէ: Մի ձևի ուղարկում ես…

Մարդ, ով չունի կապի համակարգ գործող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս պետք է կռվի: Դրա համար առաջին իսկ մարտի ժամանակ նրանց մի մասը կոտորվում են, մի մասը խուճապահար փախչում:

Արդեն 5-րդ օրն Արցախում 1500 հոգի մարդ կար փախած, ովքեր իզոլացվել են տարբեր տեղ Հայաստան չվերադառնալու ու խուճապ չառաջացնելու համար:

Նրանք կերակրվել են բանակի սնունդով, նրանց վրա մարդ են դրել: Մեր հարգարժան գեներալ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել նրանց հետ բանակի շարքեր վերադաձնելու համար»: