Search
Close this search box.

Ովքեր են այն պատգամավորները, որ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը

ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն անդրադարձավ երեկ հրապարակված՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը,

«Իմ քայլը» խմբակցությունը, որը պատսպարված էր նկուղներում, ըստ տեղեկությունների՝ Սորոսի գրասենյակներում, ԱՄՆ դեսպանատանը և այլն, նախօրեին հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, ընդունում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը։ Մինչև երեկ մենք մեր բազմաթիվ հարցազրույցներում և ելույթներում հույս էինք հայտնում, որ «Իմ քայլը» խմբակցությունը գուցե տեղյակ չի եղել ստորագրված խայտառակ պայմանագրի, հայտարարության վերաբերյալ, սակայն նախօրեին տարածած հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության և որոշման մասով։

Ես այս պահին արդեն իսկ ունեմ տեղեկատվություն, և փաստերը ձեռքիս տակ առկա են, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել կամ տեղյակ են եղել հայտարարության առաջին հատվածին, և մնացած մասով իրենք տեղյակ չեն և, բնականաբար, պատասխանատվություն չեն կրում։ Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որպեսզի անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հայտարարության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են այն պատգամավորները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը։ Ազգը պետք է իմանա անուն առ անուն, պետք է իմանա այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ։ Ես ուզում եմ հորդորով ևս մեկ անգամ դիմել բոլոր գործընկերներին, որ դուրս չգան ժողովրդի դեմ, թողնեն հումանիտար միջանցք, թողնեն հնարավորություն, որպեսզի մենք նրանց կարողանանք փրկել ժողովրդի ցասումից և զայրույթից»։

Տոնոյանն անդրադարձավ նաև հայտարարության մեջ ռուսական խաղաղապահների հարցին վերաբերող դրվագին․

«Փորձում են ինչ-որ մանիպուլյացիաներ անել «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, ովքեր հեղինակել էին այդ հայտարարությունը, փորձել էին ինչ-որ հակադրություն փնտրել Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարաբերություններում, ընդդիմադիր ուժերի, խաղաղապահների տեղակայման հարցի հետ կապված։ Ես իսկապես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությանը թվում է, թե նրանք այդպիսի պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել հիմնական օրակարգից։ Մենք բազմիցս նշել ենք, որ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հանդիսացել է Ռուսաստանը, սակայն մենք, երբ նախորդ օերին հայտարարել ենք՝ երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ` կոնկրետ գործընթաց սկսելու, խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, և այդ մեսիջը պարոն Մելքումյանի միջոցով փոխանցվել է ԱԺ ղեկավարությանը, մեր երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի և ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել , ինչո՞ւ, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, չունենալ տասնյակ հազարին մոտեցող վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների ցուցանիշ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն։ Ինչու՞ իշխանությունները չգնացին այդ բանակցություններին, ինչ է դա, եթե ոչ պետական դավաճանություն»։