Search
Close this search box.

Իսկ ի՞նչ են լինում ահաբեկիչները, Ռուսաստանն ու Թուրքիան որոշե՞լ են

Ռուսաստանի նախագահ Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետի և Բաքվի նախագահի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որի մասին Հայաստանի հանրությունը տեղեկացել է նոյեմբերի 9-ի գիշերը և առ այս պահը շարունակում է գտնվել շոկային ազդեցության ներքո, հաշվի առնելով այն բովանդակությունը, որ կա պայմանագրում: Բովանդակության մասին խոսվել է շատ և, անկասկած, դեռ առիթներ լինելու են դրա մասին խոսելու: Ուշադրության արժանի է, սակայն, մի հանգամանք: Դրանում չկա անդրադարձ ահաբեկիչների մասին, այն ահաբեկիչների, որ ըստ անգամ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի ստույգ հավաստիացման, ներկրվել են արցախյան հակամարտության գոտի մերձավորարևելյան ռեգիոնից: Նարիշկինը հայտարարում էր, որ այդ տվյալները միանգամայն հավաստի են և իրենց են հասել մի քանի տարբեր հատուկ ծառայություններից: Եռակողմ համաձայնագրում չկա որևէ խոսք, թե ինչ պետք է լինի ահաբեկիչների հետ: Նրանց ոչնչացնելո՞ւ են, նրանց ճանապարհելո՞ւ են իրենց երկրներ, նրանց տեղափոխելու են Բաքո՞ւ, նրանց որևէ բան անելո՞ւ են:

Բանն այն է, որ թեև Ռուսաստանն այդպես էլ որևէ ուղիղ հասցեականությամբ չի մատնանշել այդ հարցում Թուրքիայի ուղիղ մասնակցությունը, ու թեև չի մատնանշել Ադրբեջանի պատասխանատվությունը, բայց այդ ահաբեկիչներն, ի վերջո, օդից չէին ընկնում և չէին ընկնում ինչ-որ սև խոռոչ, այլ ընկնում էին Ադրբեջանի տարածք, որտեղ ճամբարվում էին և նետվում Արցախի դեմ գրոհի: Իհարկե, ներկայիս Ադրբեջանը այլևս մեծ վստահությամբ հնարավոր է բնորոշել սև խոռոչ, այդուհանդերձ հարցը մնում է բաց՝ ահաբեկիչները ՌԴ համար վերացա՞ն, թե՞ այդ կապակցությամբ Անկարայի հետ լինելու է առանձին խոսակցություն: Համենայնդեպս տարօրինակ է այն անհանդուրժողությունը, որ մինչ այդ հնչեցնում էին ՌԴ պաշտոնյաները, և այն, որ նրանք մոռանում են ահաբեկիչներին իրավիճակի հանգուցալուծման մասին կարևոր փաստաթղթում: Ի դեպ, հայկական կողմը հիշե՞լ է, թե՞ ոչ:

1in.am