Search
Close this search box.

«Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր». Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ գիշերը բավականին ինտենսիվ և ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, մերձակայքում և Շուշի տանող ճանապարհներին:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե 1992-ի մայիսի 8-ը Հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, Հայոց պատմության մեջ, հավանաբար, անցնող այս օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմաօպերացիան հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Շուշի տանող ճանապարհներին թշնամուն լավ ջարդ են տվել նաև քարինտակցիները։ Թշնամուն օգնության շտապող ուժերին ջախջախել են նաև մյուս բնակավայրերի բնակիչները: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր, Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է»,- նշեց նա՝ հավելելով, որ թշնամական զինուժից Շուշիի տանող ճանապարհին տասնյակներով, եթե ոչ հարյուրավորներով դիակներ են մնացել, ինչի մասին համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ կհրապարակվեն:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալի թուլացել է, և որ այլ ճակատներում համեմատաբար թույլ մարտեր են եղել։